Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/88

Այս էջը հաստատված է

աչքը կպցրել էր, որ շոքը քաշվածին պես վեր կենա, սուրուն իրիգնահովին մեկ լավ խոտավետ տեղ տանի, արածացնի։ Օյաղ շների մեկը է՛ս ցցի վրա, մեկը մյուս թափի ծերին, յա չոբանի ոտի տակին՝ գլուխը դրել, նոթերը կիտել, մարաղ էր մտել, որ թե գող, գել կամ գազան սիրտ անի, մոտանա, բիրդանբիր վրա թռչի, թիքա թիքա անի, իր տիրոնչ ոչխարները պահի։ Մեկ կանաչ խոտ, մեկ դալար թուփ, կամ մեկ ծաղիկ, մեկ տեղ էլա չէր երևում, որ մարդ հոտն առնի, կամ երեսին մտիկ տա, սիրտը բացվի ու իր ճամփի երկարությունը մոռանա, կամ շոքի ձեռիցն էրված, խորոված ջանին հովություն տա, էնպես էր սար ու ձոր, դաշտ ու հանդ չորացել, խանձվել, պապանձվել։ Միմիայն խոտերի չոփերն ու քոլերի սուր սուր ծերերն էին էստեղ, էնտեղ ցից ցից գլուխ բարձրացրել, տխուր, տրտում, մոլորված, պաշարված կանգնել, մնացել։

Սև սև ջամդաքակեր ակռավները, յա վախլուկ տուլաշներն էին հենց մենակ մնացել, որ էստե, էնտե մեկ քարափի ծերի, յա մեկ բրջի գլխի, յա թե չէ մեկ ճամփի միջում, իրար գլխի հավաքվել էին, նստել, կամ պտիտ էին գալիս, իրար կտցահարում, իրար թևերից քաշում, որ մեկի գտած որսը ձեռիցը խլեն, փայ անեն, իրանց ձագերին էլ տան, կամ հետըները տանին։ Օձ, կարիճ, խլեզ, բզեզ ու ինչ կերպ ջանավար ասես՝ մորեխ, մժեխ՝ մեյդան էին բաց արել։ Որը մեկ քոլի տակից, որը մեկ քարափի բաշից, որը խոտերի միջին, կամաց կամաց ժաժ գալով, պոչ ու գլուխը իրանց քաշելով, կամ ծլունգ ըլելով, էլ եդ տազ անելով, կամ գետնի ապառաժի վրա սողալով, փշտացնելով, շվացնելով, փշշացնելով, ծվալով, ծղրտալով՝ ոտն էին էլել, ուզում էին իրանց արևի ձենն ածեն։ Որն էլ իր բնի առաջին արևկող անելով, գլխըները հանել, մունջ մունջ անկաջ էին դրել, սուր սուր աչքըները ցցել, պելացել, շլացել՝ էս կողմն, էն կողմն մտիկ էին տալիս, որ ոտքը խաղաղվելիս դուս գան, մի քիչ շունչ քաշեն, իրանց քեֆն անեն․ իրանց ոզդը ճանկեն, էլ եդ իրանց բունը մտնին, էլ եդ գնան քնին, դինջանան։

Բազի պատածակի արանքից, կամ քարի ծերից էլ՝ մեկ նաչար բայղուշ (բու) գլուխը խոր վեր թողած, քիթ ու պռունկ կիտած, ծանրացած, գետնին նայում էր, իր սև օրը լաց ըլում։ Հավի թշնամի ուրուրն էլ՝ (ձեբեն) թևերը փռած, չանգերը սրելով, բաց ու խուփ անելով, կտուցը սրբելով կամ դոշը քուջուջելով, երկնքի տակին գլուխը դոշի տակին քաշ քցած, սու8 աչքերը էս դեհն, էն դեհն էր քցում, պտտում, հազրվում, որ բիրդանբիր ական թոթափել վեր վազի, մեկ լխպոր ճտի գլխի, որ իր մոր թևերի տակին, կամ մոր գլուխը քորելով, թևը քաշելով, ծվծվալով, կտկտալով՝ կամ կտուց կտցի տալով, մոր կրխալուն, ծվալուն անկաջ դնելով, սուս փուս նստում էին իրար հետ, կամ քուջուջ էին անում, կամ մեկ խեղճ, անճար լորի քամակի խփի ու ճվճվացնելով, ծղրտացնելով՝ վեր քաշի, քրքրի, թեբռի ու իր ագահ փորին մատաղ անի։ Ահա՛ գեղեցիկ, անզույգ օրինակ՝ անսիրտ, բարբարոս Պարսից՝ ժանդ բռնակալաց, մաշողաց ազգի, երկրի Հայկա զավակաց։

Էսպես մեռել, լռվել էր բնությունը ու մեկ շփլթու էլա մեկ տեղից չէր լսվում։ Միմիայն հեռու տեղից մեկ բարակ քամի՝ բազի բազի վախտ