Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/89

Այս էջը հաստատված է

փչում, ծառերի տերևները սլլացնում, ժաժ էր քցում ու գոլ գոլ մարդի երեսին, բերնին՝ ձեռը նազուք քսում, շուտով անց էր կենում ու փշերի, խոտերի, քարափների, ձորերի մեջը մտնում։ Ինչպես ծխի մեջը խրված՝ հեռու տեղից՝ դաշտի գեղերը, հանդերը, փոսերը՝ մթնած, լռված՝ ինչպես սև ամպի կտորներ, կամ էրված, խանձված տեղեր՝ էս տեղից էն տեղից սևին էին տալիս ու խառնիխուռն երևում։ Արազը ինչպես մեկ նետ օձ, կամ էրծաթի գոտի, արևմտյան կողմիցը, ձորերի միջիցը իր սուր լուսափայլ ճակատն ու գլուխը բաց էր արել, ու մրմունջ, հանդարտ, լուռ գալիս՝ Մասսա փեշին մի քիչ թևով խփում էր, շփում ու էլի ծուռն նայելով, նրան հաթաթա տալով, ձենը ձոր անելով, գլուխը պտտելով՝ գնում Զանգվին ու Գառնու գետն իր ծոցն առնում ու խաղալով, խայտալով, վռվռալով՝ հեռանում քվերտանց հետ ու պռունկ պռնկի, դոշ դոշի, քամակ քամակի տված, իրար գլխի, երեսի ձեռըները քսելով, փաղաքշելով, հանաք անելով, աչքըները խփում, նղղում ու Շարուրի դուզ ծոցումը՝ ծեծված, ջարդված քուն մտնում։

Էս տխուր մեյդանի չորեքշուրջը՝ աչքդ որ բաց չես անում, մեկ էլ էն ես տեսնում՝ որ բազի վախտ երկինքն ամպակալած՝ ուզում ա, որ սար ու ձոր ոտնատակ տա, Ալագյազա, Մասսա ու մյուս սարերի գլխին բամբաչի, պոկի, նրանց գետին խցկի, որ համարձակում են՝ իրանց գագաթը էնպես բարձր վեր քաշել, որ բոլոր ամպերը վերևը ոտի բռնելու տեղ չունենալով, իրանց երկինք մորիցը խռոված, վեր են գալիս ու նրանց գլխին քուլա քուլա դիզվում ու էնպես իրար վրա նստում, որ շատը տեղ չունենալով՝ մյուսներին քռիչ ա տալիս, բոթբոթում, դուս ա քցում ու նրանց տեղը բռնում։

Էս հադաղին էր, որ մեկ սև ղարալթու՝ բարակ օձի պես կամաց կամաց գլուխը դուս քաշելով, դզվելով, աջ ու ձախ ծանր մտիկ տալով, մեկ բարձր մինարեթի ծերի պտիտ տալով, քնահարամ մարդի պես ձեռը ուսուլով բարձրացրեց, անկաջին դրեց, գլուխը քամակի վրա թեքեց ու ճլերք ընկած հիվանդի պես՝ սկսեց ձենը ծոր քցել և ինչպես մեկ խոր ձորից կանչել՝ Ալլահո՛ւ-Ալաքբա՜-րո՛ւ (բարձրելույն Աստուծո)։

Էս ձենը հենց դուս էկավ թե չէ, հենց իմանաս՝ մեկ ամպ տրաքեց ու ձենի տուտը հազար կտոր ըլելով, գետինը ժաժ տալով, սար ու ձոր իրարոցով քցելով, քարափների, էրերի արանքներովն անց կացավ ու քիչ քիչ ձգվելով՝ բարակացավ, խզվեցավ, կտրվեցավ։ Ինչպես մեկ բունը քանդված մեղրաճանճի թաբուն, էնպես դուս թափեցան ուղղափաո մահմեդականքը, որն իր դուքանիցը, որը բաղիցը, ձորիցը, որը քնաթաթախ, որը սովու աչքը կուլ գնացած, ձենը փորն ընկած, ռանգը սպրդնած, ունքեր, նոթեր կիտած, գլուխը կախ քցած, որը մեկ ավթաֆա ձեռին, փեշերը վեր քաշած, գոտիկը խրած, Խորասանու սև մորթի երկար գտակը ունքերին քաշած, միջի վրա կոտրած, թուխ ճալվերը (քոչորը) երկու տակ՝ անկաջների էս կողմն, էն կողմն ոլորած, քցած, գլուխը պլոկած, կլեկած, վեր արած, վիզն ու բուկը կեղտով, քրտնքով սևացած, կոշտացած, տարթի պես բասմա ընկած՝ երկար, բարակ միրուքը հինա դրած, սևացրած, կոկած, մեկ սև կամ մուգ կանաչ լեն բորանի ֆարաջա՝ անյախա, անկոճակ՝ ուսերին քցած,