Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/9

Այս էջը հաստատված է
«ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՎԵՊԻ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

«Ամենալավ «Վերք Հայաստանի»-ն դարձյալ մնում է հինը, մինչև մի նոր լավը կտպվի»,-գրել է Հ. Թումանյանը «Վերք Հայաստանի»-ի 1908 թ. հրատարակության առթիվ իր հայտնի գրախոսականում։[1] Հ. Թումանյանի այդ գնահատականից հետո, նախասովետական շրջանում «Վերք Հայաստանի»-ն նոր հրատարակություն չունեցավ։ Ասել է թե հայ գրականության այդ խոշորագույն երկերից մեկի անթերի հրատարակության դժվարագույն, բայց պատվավոր գործը ընկնում էր սովետական գրականագիտության վրա։

Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի սույն հրատարակությունը 6-րդ հրատարակությունն է։

Առաջին անգամ «Վերք Հայաստանի»-ն լույս տեսավ 1858 թ., հեղինակի մահից 10 տարի անց և 18 տարի անց այն բանից հետո, երբ այն արդեն գրված, պատրաստ էր։ «Վերք»-ի հրատարակությունը մի խոշոր իրադարձություն էր այն ժամանակվա մեր գրական-կուլտուրական և քաղաքական հասարակական կյանքում։ Այդ երկին վերապահված էր կատարելու պատմականորեն հասունացած չափազանց խոշոր խնդիր, որը մի կողմից արտահայտվեց մեր նոր գրականության և կուլտուրայի ժողովրդականացման և աշխարհականացման սկզբունքի հաղթանակով, իսկ մյուս կողմից մեր ժողովրդի քաղաքական վիճակի միանգամայն ճիշտ և ռեալիստական վերլուծումից հանած առողջ եզրակացությամբ։ Աբովյանը մատնացույց արեց Ռուսաստանը, ռուս մեծ ժողովրդին, իբրև իր ժողովրդի միակ անկեղծ բարեկամի և նեցուկի։

«Վերք Հայաստանի»-ն իբրև մեր ժողովրդի քաղաքական ու կուլտուրական բազմամյա որոնումների արգասիք, էպոխայի առաջացրած հիմնական հարցերին պատասխանող մի երկ, պետք է ուղենիշ հանդիսանար հայ նոր գրականության հետագա ընթացքի համար։

  1. «Ուղղված «Վերք Հայաստանի» («Թումանության քննադատ», էջ 147-148)։