Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu/7

Այս էջը սրբագրված է

ԻՆՍՏԻՏՈԻՏԻ ԿՈՂՄԻՑ

Խաչատուր Աբովյանի «Երկերի լիակատար ժողովածվի» այս՝ Ե. հատորն ընդգրկամ է հեղինակի մանկավարժական երկերը՝ բացառությամբ «Նոր տեսական և գործնական Քերականութիւն Ռուսաց վասն Հայոց հանդերձ» վերնագրով աշխատության, որը կազմելու է ներկա հրատարակության մի առանձին հատորը։

Ներկա հատորում ամփոփվում են Աբովյանի կազմած դասագրքերն ու ձեռնարկները, որոնք գրեթե ամբողջությամբ առաջին անգամն են տպագրվում, բացառությամբ «Նախաշաւիղ կրթութեան ի պետս նորավարժից» դասագրքի Ա. մասի և «Ամերիկու լիս քցիլը» աշխարհագրական զրույց-ձեռնարկի: «Նախաշաւղի» Բ. մասի հետ միասին առաջին անգամն են տպագրվում նաև Աբովյանի կազմած «Պատմութիւն հին դարուց» վերնագրով ձեռնարկը և մանկավարժական-մեթոդական բնույթի մի շարք այլ աշխատություններ, այն է՝ «Նկատումն առաջին դասատուութեան», «Վասն մտավարժութեան մանկանդ», «Ընդհանուր դիտողություններ» և այլն, որոնք վկայում են Աբովյանի, որպես մանկավարժի բազմակողմանի գործունեության մասին և որոնք հեղինակի կազմած դասագրքերի և ձեռնարկների հետ միասին հայ նոր մանկավարժության սկզբնավորման կարևորագույն էջերն են։

Ներկա հատորում չեն տպագրվում Աբովյանի դպրոցական մանկավարժական գործունեությանը վերաբերող գրություններն ու վավերագրերը (Աբովյանի գրած հաշվետվությունները, նամակները և այլն), որոնք կտպագրվեն հեղինակի երկերի հաջորդ հատորում, նկատի ունենալով, որ ներկա հատորն առանց այդ նյութերի էլ բավականաչափ ստվարածավալ է։

Հատորում ամփոփված աշխատությունների, մի քանիսի («Նախաշաւիղ կրթութեան» Ա. և Բ. մասեր, «Ամերիկու լիս քցիլը») տեքստը տպագրության համար պատրաստել է ֆիլոլոգիական գիտությունների թեկնածու Աս. Ասատրյանը, Общие замечания... աշխատության տեքստը և ծանոթագրությունները պատրաստել է ֆիլ. գիտ. թեկնածու Ա. Իննիկյանը, իսկ մնացած բոլոր նյութերի տեքստերը և ծանոթագրությունները պատրաստել է ֆիլոլոգիական գիտությունների թեկնածու Ալիս Մանուկյանը։

Հայկական Ս Ս Ռ ԳԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտ