Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/6

Այս էջը հաստատված է

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ

Խ. Աբովյանի «Երկերի լիակատար ժողովածուի» վեցերորդ հատորը նվիրված է հեղինակի դորպատյան օրագրերին, որոնք տպագրվում են ամբողջությամբ առաջին անգամ։

Օրագրերը հարուստ են բազմաթիվ ուշագրավ կենսագրական փաստերով, նրանց հրատարակումը կարևոր նշանակության ունի, հատկապես, հեղինակի կյանքի դորպատյան շրջանը ճիշտ ըմբռնելու և ուսումնասիրելու համար։

Աբովյանը յուրահատուկ անմիջականությամբ ու ջերմությամբ նկարագրել է Դորպատի իր շրջապատը, ժամանակի գիտական մթնոլորտը, բնութագրել իր պրոֆեսորներին, նրանց կենցաղը, սովորությունները։ Այս բոլորին զուգահեռ, օրագրերում զարմանալի պարզությամբ տրված է իր՝ հեղինակի, բարդ հոգեվիճակը, ներքին մղումներն ու բազմակողմանի հետաքրքրությունը, նրա տագնապն ու հույզերը նոր, միանգամայն օտար և անծանոթ աշխարհում։

Օրագրերի գրական մշակումը հեռու է կատարելությունից։ Նկատելիորեն թերի է շարադրանքը, կան նման դեպքերի և զանազան նկարագրությունների բազմաթիվ կրկնություններ։ Անմշակ է հատկապես լեզուն, որը աղճատված գրաբար է՝ խառն աշխարհաբարի և բարբառի տարրերով։ Անշուշտ այդ թերությունները հետևանք են այն բանի, որ օրագրերը չեն գրվել տպագրության համար, չեն ենթարկվել վերջնական մշակման և անմիջական տպավորությունների ու հայցերի սոսկ արձանագրություններ են։

Հայկական ՍՍՌ ԳԱ Մ. Աբեղյանի անվան
Գրականության ինստիտուտ