Այս էջը սրբագրված է
ԽԵԼՈՔ ԱՔԱՂԱՂՆԵՐ


Ա

Չգիտեմ ինչպես — և չծիծաղեք, դա մի մեծ հարց է― կոպիտ, հաստափոր, կլանող աղան ձեռք բերեց բազմաթիվ հավեր ու աքաղաղներ, մեծ բակի մեջ ցանկապատ քաշեց, հավային խոշոր մի գաղութ հիմնեց և բազմացնելով՝ շահագործում էր նրանց։

Մարդիկ լա՛վ գիտեն, թե հավն ու աքաղաղը ինչի են գործածում։ Պահում են, բազմացնում, կերակրում, գիրացնում ու մի գեղեցիկ օր մորթելով՝ եփում են՝ ուտում։

Սրանից սովորական բա՞ն։

Բայց մտեք մի քիչ էլ հավի դրության մեջ։ Երևակայեցեք, որ ձեր ընկերների հետ միասին հավաքել-լցրել են ձեզ մի մեծ շրջափակում, ցանցաձև պատերով պարփակել, երբեմն միայն թույլ են տալիս վազվզելու, խաղալու — այն էլ միայն գիրացնելու մտքով— և հետո, հանկարծ, ձեր աչքի առջև գալիս բռնում են ձեզնից մեկին— ձեր մորը կամ քրոջը, սիրելուն կամ ընկերին, քիչ հեռու, հենց ձեր քթի տակ գետնովն են տալիս, ոտները հավաքում, թևերը ծալում և փայլուն դանակը վզին շողացնում․․․

Եվ նա ճչում է, օգնություն կանչում, ձեզ է ձայն տալիս․․․ իսկ արյունը շատրվանի պես դուրս է ցայտում նրա կտրած վզից, գետինը կարմրացնում․ և գլուխը մարմնից բաժանված, շարժուն, հուսահատ արտևանունքով, փոշիների մեջ գլորվելով՝ գալիս ընկնում է առաջդ, մինչև նրա սիրելի