Այս էջը սրբագրված է

մարմինը տապլտկում է իր արյան մեջ, ոստոստում, թփրտում, գալարվում է, կծկվում․․․

Այդ բոլորը տեսնում ես դու բակի մեջ կանգնած, վշտից քարացած, վախից գոռալով, անկարող՝ նրան օգնելու, ճիչ արձակելու և գիտակից, որ մի օր էլ մյուս սիրելուդ, քրոջդ, բարեկամիդ են այդպես անելու, քեզ իսկ մորթելու․․․

Էլ ի՞նչ սիրտ կմնա քեզ մոտ, ի՞նչ քաղցր րոպե, ի՞նչ սեր, զգացմունք, եթե ոչ՝ միայն անեծք բնության դեմ, լուտանք ու կսկիծ, վիշտ բյուրեղացած, կիզիչ տառապանք։

Կարծում եք հավը կամ աքաղաղն այդպես չե՞ն զգում։ Իրավ է, գուցե լինեն հավեր — և շատ էչ կլինեն — որ սերնդից սերունդ տեսած լինելով այդ բոլորը՝ վարժվել են, մորթելն ու տանջանքը կյանքի մի պայմանը համարել և գուցե, երբ հերթը գա իրենց, կգնան դանակի առաջ անմռունչ, խոնարհ, հպատակ ճակատագրին։

Բայց ի՜նչ․․․ նայիր մեկ, երբ մորթողը դանակը ձեռքին, թևերը քշտած՝ մտնում է հավերի մեջ․ նրանցից ո՞ր մեկը չի ճչում կամ չի խուսափում․ ո՞ր մեկը հուսահատաբար չի զարնվում կոճղերի, քարերի, սուր-սուր փշերի և ո՞ր մեկն արդյոք իր աղաղակներով, աղեխարշ ձայնով օդը չի լցնում․ և երբ բռնվում է, երբ դանակը վզի կեսը կտրել է — ի՞նչ կա ավելի հուզիչ, ավելի ճնշիչ, քան նրա աղաղակը, լացն ու գանգատը․․․

Կարծում եք մյուսները, որոնք այդքան անշարժ կանգնած են և աչքերը պայթելու չափ բացած, քարացած հայացքով կծկված նայում են — չե՞ն զգում․․․ Մոտից նայեցեք․ ինչպես են դողում սարսափահար․ յուրաքանչյուր անդամն ու մասը դողում է արագ, սոսկալի կերպով և նրանց աչքերը չեն կարողանամ հեռանալ մորթվողի տանջանքից, հոսող արյունից։

Զգում են, գիտեն։ Գիտեն, որ ազատվելիք չունեն, որ իրենք ծնվում են ուտվելու համար։ Բայց, ինչպես մարդկանցից շատերը, նույնպես և հավերը, ճակատագրական են համարում դա․ անխուսափելի, բոլորովին բնական։

Եվ ծնվում են, մեծանում, ապրում ու մորթվում․ մորթվելիս՝