Այս էջը սրբագրված է

կասկածավորներին գաղութից զատեց՝ սպանեց, մի քանիսին էլ առանձին փակեց։ Ապստամբությունն այդպիսով խեղդել մտածեց։ Մյուս կողմից էլ մնացողների կուտը ավելացրեց և եթե նրանցից մեկին մորթել էր կամենում, այլևս մյուսների առաջ չէր գործում, այլ առանձին, որ տեսնողների մեջ հուզում չառաջացնի։

Մի խոսքով, ամեն ջանք ի գործ դրեց և օտար աքաղաղի թողած ազդեցությունը ոչնչացնել աշխատեց։

Գաղութը քիչ-քիչ սկսեց հանդարտել։ Այլևս վախվխելով և անկյուններում էին խոսում հավերը օտար աքաղաղի և նրա հետ խուսափած ընկերների մասին։ Եղան շատերն էլ, որոնք հաստատում էին, թե ազատվողները անշո՛ւշտ խեղդված կամ կորսված պիտի լինեին և կամ եթե հասած լինեին որևէ տեղ — անոթությունից պիտի կորսվեին։

Բայց մի օր ահա թե ի՛նչ պատահեց։ Երեկոյան դեմ էր․․․ գաղութի մեջ բոլորը խումբ առ խումբ հավաքված կուտ էին ուտում և զվարթորեն խոսակցում, երբ օդի մեջ լսվեց մի շշուկ, հետո հանկարծ երևաց մի մեծ ուրուր, համարձակ սլացավ, հափշտակեց մի գեր վառեկ, չնայելով հավերի և աքաղաղների ճիչերին, նրանց վազվզելուն, կանգ առավ մի թառի վրա և հեգնորեն սկսեց նայել նրանց։

― Հը՞, ի՞նչ է․․․— ձայնեց նա սարսափած թռչուններին,― վաղուց է, որ ինձ չէիք տեսել, չէ՞, կարծում էիք, թե այլևս ազատվել էի՞ք իմ ձեռքից… Երևի զարմացաք, որ հանդգնեցի ցած իջնեի ձեր որդիներից մեկին հափշտակել և այժմ էլ այստեղ, ձեր մեջ կանգնած, ծիծաղում եմ ձեզ վրա։ Ողորմելիներ։ Մի՞թե կարծում եք, թե չգիտեմ ինչեր են անցել այստեղ։ Չէ՞ որ այլևս չկան, ո՛չ այն օտար քաջ աքաղաղը, և ո՛չ էլ ձեր, եթե ոչ քաջ, գոնե սրտոտ ընկերները…

Միամիտ եղեք, ես նրանց տեսա։ Եվ ա՛յդ էր պատճառը, որ իջա ձեզ մոտ և այսուհետև ամեն օր կտեսնեք ինձ։ Այսուհետև օրը մի վառեկ, իսկ երբեմն էլ, եթե շատ քաղցած լինեմ, երկու վառեկ իմն է։ Ձեր աղան ձեզ լա՛վ է չաղացրել, որ լավ էլ ուտի։ Ես ընկերանում եմ նրան վերջինի մեջ․ միասին կուտենք ձեզ․․․ Ապա՞ թե մեկն ու մեկդ սիրտ անեք ինձ վրա հարձակվելու, հա՛, հա՛, հա՛,― քրքջաց նա չարությամբ,