— Եթե դրսից մեզ օգնություն չհասնե, կորած ենք,— պատասխանեց մի խան, որ թուրք կամավորների գլխավորն էր։
— Օգնություն սպասելու զորություն չէ մնացել,— խոսեց մի բեկ,— իմ կարծիքով պետք է բաց անել բերդի դռները, պատառել մեզ շրջապատող թշնամու շղթան և անցկենալ, կա՛մ կհաջողվի ազատվել, կա՛մ կընկնենք թշնամու ձեռքը։
— Վերջինն ավելի հավանական է, — պատասխանեց հայ կամավորների գլխավորը,— բայց հետևանքը սարսափելի կլինի։ Այս բերդը այժմ, գոնե որպես պատնեշ, պահում է օսմանցի զորքերի առաջ գնալը, երբ սրան կորցնենք, այն ժամանակ բաց կանենք Սմայիլ փաշայի բաշիբոզուկների ճանապարհը, և նրանք մի քանի օրվա մեջ անարգել կերպով կտիրեն Երևանը, Նախիջևանը և գուցե շատ հեռու կգնան։ Տեղային մահմեդականությունը, որքան ինձ հայտնի է, անհամբեր սպասում է այդ ինքնակոչ հյուրերին, իսկ քրիստոնյա հայերի ձեռքում զենք չկա։ Մեր երկիրը պահպանելու համար խիստ աննշան թվով զորք է թողած, որովհետև մեր գլխավոր ուժերը այժմ կենտրոնացած են Ղարսի մոտակայքում։ Մինչև նրանց հասնելը, օսմանցիք ամեն ինչ ոչնչացրած կլինեն։
Հայ աստիճանավորի խոսքերը գրգռեցին թուրք խանի բարկությունը, և նա խոսեց խռովված կերպով․
— Դուք մահմեդականների մասին կասկած եք հայտնում։
— Իմ կասկածը անտեղի չէ, որովհետև ինձ հայտնի են փաստեր, որ հաստատում են ասածս։ Հենց այս րոպեիս մեզ պաշարող քրդերի թվում գտնվում են շատ զիլանցիներ, որոնք պատերազմից առաջ ռուսաց հպատակներ էին։ Իսկ Նախիջևանի կողմերում մի ցնորված մոլլա ամեն գիշեր երազներ է տեսնում, թե շուտով իսլամը կտիրե այդ երկրին։
Նախագահը դադարեցրեց վիճաբանությունը ասելով․
— Պետք է սպասել և մինչև վերջին շունչը դիմադրել։ Ես հուսով եմ, որ շուտով օգնություն կստանանք։ Գեներալ Տեր-Ղուկասովը շատ հեռու չէ մեզանից։ Նա հենց որ իմացավ մեր դրությունը, կշտապե Բայազեդը ազատելու։ Միայն պետք է շուտով նրան իմացում տալ։
— Ի՞նչ միջոցով,— հարցրին նրանից։
— Նամակո՛վ,— պատասխանեց նա։
— Ո՞վ կտանե։
— Կարծեմ, մեր այսքան բազմության մեջ կգտնվի մի սիրտ ունեցող տղամարդ։
79