Այս էջը սրբագրված է

- Ո՞ւր է գնացել իմ նոր ընկերը:
Հայրապետը հասկանալով, որ պարոն Դուդուկջյանի մասին է հարցնում, պատասխանեց.
- Զարմանալի մարդ է այդ քո նոր ընկերը, վաղ առավոտյան դեռ արևը չծագած, վեր կացավ, երկայն կոշիկները հագավ, առանց լվացվելու, առանց սանրվելու և առանց նախաճաշիկ ուտելու, իր ծանր գավազանը վեր առեց, և տնից դուրս գնաց: Մենք հարցրինք, ո՞ւր ես գնում, նա ոչինչ չպատասխանեց, գլուխը շարժեց և հեռացավ
- Ո՞ւր գնաց, - հարցրեց Վարդանը անհանգստությամբ:
- Չգիտեմ, միայն ես գյուղի մեջ տեսա, նա հանդիպեց մի կիսամերկ և ոտաբոբիկ աղջկա, որ գնում էր գետից ջուր բերելու: «Ի՞նչու ես այդպես հագնվել, հարցրեց նա աղջկանից, քո հասակում անվայելուչ է այդպես հագնվել»: Աղջիկը պատասխանեց, թե իր ծնողները աղքատ մարդիկ են: Նա հանեց քսակից մի ոսկի և տվեց աղջկան: Ես կարծում եմ, Վարդան, այդ վերջին դրամն էր, որ նա ուներ:
- Կարելի էր, - պատասխանեց Վարդանը մտահոգության մեջ, - բայց հետո ո՞ւր գնաց:
- Հետո մոտեցավ նա մի խումբ գյուղացիների, որ նոր էին դուրս եկել ժամից, և հավաքված եկեղեցու դռանը խոսում էին հարկերի բաժանման վրա: Նա խոսակցության մեջ մտավ և սկսեց բացատրել գյուղացիներին, թե նրանք վճարում են կառավարությանը ավելի քան պետք է վճարել, բայց նրանց հասարակական գործերի մասին ամենևին հոգ չեն տանում: Խոսում էր աղջկանից և այլ տղայոց դպրոցների մասին, որոնցից զուրկ են մեր գյուղացիները. խոսում էր ինչ-որ հասարակաց դրամարկղի մասին, որտեղից գյուղացին կարող էր էժան տոկոցով փող վեր առնել կարոտության ժամանակ, ո՞վ է իմանում, հազար ու մի այս տեսակ բաների վրա էր խոսում:
- Ի՞նչ պատասխանեցին գյուղացիները, - հարցրեց Վարդանը հետաքրքրվելով:
- Գյուղացիները ծիծաղեցին, հռհռացին և ոչինչ չպատասխանեցին: Մեկը նրանցից ասաց իր ընկերին՝ այդ մարդը խենթ է:
- Փառք աստուծո, խենթը մենակ ես չեմ եղել, - ասաց Վարդանը ծիծաղելով, - ես կարծում էի, մենակ ինձ են խենթ համարում: Հ՞ետո:

178