Այս էջը սրբագրված է

զենքերը։ (Զենքեր ասելով, ես ի նկատի չունեմ միայն սուրը և հրացանը, արհեստը, գիտությունը նույնպես զենքեր են, որոնցմով մի ժողովուրդը աշխատում է տնտեսապես մրցել մի այլ ժողովրդի հետ)։ Ավելի անքաղաքակիրթ և վայրենի ազգերի մեջ այդ կռիվը կատարվում է միայն ֆիզիկական ուժով՝ սրով։ Այդ զենրերով քրդերը և թուրքերը կռվում են մեզ հետ։ Անձնապաշտպանության օրենքները պահանջում են պատասխանել թշնամուն նույն զենքով, ինչ զենքով որ նա ճնշում է և մահացնում է մեզ։ Հիմարություն կլիներ իմ կողմից ավելին պահանջել, պահանջել այն, որին ընդունակ չէ մեր ժողովուրդը։ Ես ցանկություն չունեմ ասելու, թե մենք պետք է սուր վեր առնենք քրդերին և թուրքերին ոչնչացնելու համար, որ մեր հայրերից մեզ մնացած հողի վրա մենք միայն բնակեինք։ Ես ասում եմ, որ պետք է սովորենք անձնապաշտպանություն, որպեսզի քրդերը և թուրքերը մեզ չոչնչացնեն։ Այդ երկու մտքերի մեջ մեծ տարբերություն կա։
Ծերունի Խաչոն կտրեց պարոն Դուդուկջյանի խոսքը, ասելով.
— Ես հասկանում եմ, բոլորը հասկանում եմ, ինչ որ ասում եք դուք, բայց դարձյալ պիտի կրկնեմ նույն խոսքը, որ մի րոպե առաջ ասացի, միանգամով, մի օրվա մեջ այսպիսի մեծ փոփոխություն չէ կարող կատարվել, որ մեր ժողովուրդը մի հրաշքով թողնե իր ստրկական բնավորությունը և հասկանա, թե ի՞նչ բան է անձնապաշտպանությունը։ Դուք, պոլսեցիքդ, պետք է վաղ սկսեիք այդ գործը. դուք պետք է շատ տարիներ առաջ մեզ սովորեցնեիք, թե ինչ բան է անձնապաշտպանությունը, և այսօր, քրիստոնյաների այժմյան պատերազմների ժամանակ ձեր ցանած սերմերը ցանկալի պտուղ կտային։ Դուք չնախապատրաստեցիք մեզ։ Դուք ամբողջ ժամանակներ Պոլսում լուռ նստեցիք, և այսօր եկել մեզ ասում եք, թե սուր վեր առեք քրդի և թուրքի դեմ, ձեր անձը պաշտպանեցեք։ Ու՞մ կարող եք հասկացնել, թե դա կարելի բան է։
— Դուք իրավ եք ասում, մենք, պոլսեցիքս ծույլ և անհոգ գտնվեցանք, մենք չնախապատրաստեցինք ձեզ, — պատասխանեց պարոն Դուդուկջյանը անխռով կերպով։ — Բայց ես չեմ խոսում այն բանի վբա, որ այստեղ հայերը կորցրել են իրանց մարդկային բարձր, ազնիվ և վսեմ ձգտումները, դրանք այնպիսի հատկություններ են, որ պահանջում են մի որոշ չափով կրթություն և զարգացում, և որոնց մատակարարելը մեր պոլսեցիներիս պարտքն էր։ Ես խասում եմ անձնապաշտպանության վրա, դրա համար մեծ ուսում և կրթություն պետք չէ։ Անձնապաշտպանության զգացմունքը,

189