Այս էջը սրբագրված է

հայ մարդու տեղ կգտնենք կամ շարժուն դիակներ և կամ ընդարձակ գերեզմանատներ։ Չգիտեինք, որ կրոնը մեր կարծիքով՝ այդ ազգային հաստատության նեցուկը, խորտակվել է, և նրա տեղ մնացել են հոյակապ վանքերի և եկեղեցիների ավերակներ միայն։ Չգիտեինք է որ լեզուն, ազգային այդ սրբազան ժառանգությունը, կորել է հայ մարդու բերանից, և այսօր նա խոսում է կամ քրդերեն և կամ թուրքերեն։ Չգիտեինք, որ այժմյան քաջ քրդերի մեծ մասը, որոնք հայի համար աստուծո պատիժ և պատուհաս են դարձել, մի հիսուն կամ հարյուր տարի առաջ մեր արյունակից եղբայրներն էին, մեր լեզվով էին խոսում և մեր եկեղեցում էին աղոթում։ Մի խոսքով մենք ոչինչ չգիտեինք, մենք այժմյան Հայաստանի մասին խիստ անորոշ և խիստ մթին տեղեկություններ ունեինք, և տակավին հայտնի չէր մեզ, թե հայերից մնացած այժմյան ցիրուցան փշրանքները, դառն հանգամանքների պատճառով, ստրկության ծանր լծի տակ, այն աստիճան փչացել են, այն աստիճան այլանդակվել են, որ կորցնելով իրանց լավ հատկությունները, սեփականել են մի ցած, փոքրոգի, երկչոտ և նենգամիտ բնավորություն…

Վարդանը հետաքրքրությամբ լսում էր. պարոն Դուդուկջյանը շարունակեց.

— Բայց մեր ձեռքումն էին հավաքված բոլոր ուժերը, մենք կարող էինք մեծ գործ կատարել։ Մեզ մոտ էր ազգի պատրիարքը, ժողովրդի գլուխը, որ բնավ մարմն ի վրա չէր մտածում։ Մեզ մոտ էր ազգային երեսփոխանական ժողովը, որ զբաղված էր ինտրիգաներով և չնչին հարցերով։ Մեզ մոտ էր ուսյալ երիտասարդությունը, որ թնդեցնում էր Բոսֆորի ափերը ազգային սահմանադրության տարեդարձի երգերով, և բնավ չէր մտածում, որ նույն րոպեում Հայաստանում արյուն և արտասուք էր հոսում։ Մեզ մոտ էր տպագրությունր, որ ամենևին ուշադրություն չէր դարձնում, թե ի՞նչ վիճակի մեջ է ապրում հայր հայրենի հողի վբա, և միշտ զբաղված էր օտարների կյանքով։ Մեզ մոտ էին դպրոցները, որ չտվեցին Հայաստանին ոչ մի վարժապետ։ Մեզ մոտ էր թատրոնը, որ մի անգամ գոնե դուրս չբերեց իր բեմի վրա հայաստանցու թշվառ պատկերը, և կերակրում էր հասարակությունը ֆրանսիական խոհանոցի աղտեղություններով։ Մեզ մոտ էին ազգի պետերը, որ շողոքորթում էին Դռան կամայականությունները և իրանց համար փառք էին դիզում։ Մեզ մոտ էր նյութական ուժը արծաթը, որ ամիրաների պալատներն էր միայն զարդարում և

191