Այս էջը սրբագրված է

Բ

Հետևյալ ավուր առավոտյան պահուն, երբ արեգակի առաջին ճառագայթները տարածվեցան երկրի վրա, Բայազեդի մեջ և նրա շրջակայքում բացվեցավ մի սարսափելի տեսարան։ Այժմ պարզ տեսնվում էր հետևանքը այն կոտորածի, որ ամբողջ երեք օր և երեք գիշեր կատարվել էր բարբարոսի ձեռքով։ Քաղաքում տիրում էր գերեզմանական լռություն, որ երբեմն ընդհատվում էր ագռավների կռնչյունով, որոնք խումբերով սավառնում էին այստեղ և այնտեղ` մեռելոտիք ուտելու համար։ Փողոցները այդ դժբախտ քաղաքի ներկայացնում էին խիստ տխուր և սրտաշարժ պատկեր,— տները դարձել էին մոխրի կույտ․․․ տեղ-տեղ ծխրտում էին դեռ չվառված նյութերը, համարյա ամեն մեկ տան մոտ ընկած էին ծերերի, երիտասարդների, կնիկների և երեխաների դիակներ․․․ սոված շները ագահությամբ քարշ էին տալիս դիակները, և մրթմրթալով, գռմռալով աշխատում էին վանել խումբերով ցած իջնող ագռավներին․․․ Ամեն կողմից, ամեն տնից, ամեն բակից և շուկայից փչում էր լուծվող դիակների խեղդիչ գարշահոտությունը․․․
Այսպիսի մեռյալ քաղաքի մեջ կանգնած էր Բայազեդի միջնաբերդը և սպասում էր իր ցավալի օրհասին․․․
Պաշարումը հետզհետե սաստկանում էր։ Սար, ձոր, բլուր, դաշտ և տափարակ պատած էին բաշիբոզուկների բազմաթիվ, միևնույն ժամանակ խառնափնթոր հրոսակներով։ Բանակները զետեղված էին առանձին խումբերով, և յուրաքանչյուր խումբի մեջ տեսնվում էր շարժում, իրարանցում և աղմուկ։ Կրոնական մոլեռանդությունը, խառնված զինվորական անգթության հետ, անցնում էր բարբարոսության ամեն չափից և սահմանից։ Մարդը, գազան դարձած, կեղեքում էր, մահացնում էր իր նմաններին։
Արյունից կշտանալուց հետո, նրանք սկսել էին այժմ հագեցնել իրանց ընչասիրության ծարավը։ Մի տեղ գետնի վրա տարածել էին քաղաքումը հարուստ համարված հայերին և զանազան տանջանքներով չարչարում էին, որ նրանք հայտնեն, թե որտեղ են թաքցրել իրանց փողերը։ Թշվառները լացում էին, աղաղակում էին, ասելով, թե ինչ որ ունեին՝ տվեցին, այլևս ոչինչ չէ մնացել։ Նրանց չէին հավատում, և հոր առջև երեխաներին մորթում էին, որ ստիպեցնեն հայտնել իրանց պահեստը։ Մի այլ տեղ քրդերը բաժանում էին դիզված ավարը․ նրանց կնիկները ուրախ-ուրախ բառնում էին ձիաների վրա, որ տանեն իրանց տները։ Մի փոքր հեռու

81

6 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. III