Այս էջը սրբագրված է

էր խիտ մազերով, որոնց միջից երևում էր ահագին հայկական քիթը և բոցավառ աչքերը միայն, որոնց խորության մեջ միշտ կարելի էր նկատել նրա բարեսրտության պայծառ արտահայտությունը։

Ամեն տեղից երբ անց էր կենում հաջի Միսաքի քարավանը, միշտ ընդհանուր ուրախություն էր պատճառում։ Ո՞վ ասես, նրանից մի բան չէր սպասում ստանալ. վաճառականը ապրանք էր սպասում, կինը իր պանդուխտ ամուսնից նամակ էր սպասում, ճանապարհների վրա գտնվող մանր և խոշոր աստիճանավորները կամ պաշտոնատարներր այս և այն իրեղեններն էին սպասում ուտելու, խմելու և հագնելու համար։ Շատ անգամ պանդուխտ, հիվանդ, ճանապարհների վրա նվաղած ու ընկած հայ գաղթականը սպասում էր, որ հաջի Միսաքի քարավանը կանցնի, և իրան մարդասիրաբար վեր առնելով, կտանե և ցանկացած տեղը կհասցնե։ Հաջի Միսաքի կամակատարությունը և նրա պատրաստականությունը ամեն մարդու օգնելու մեջ, նրան սիրելի էին արել իր բոլոր ծանոթներին։ — «Հաջի Միսաք, վերադարձին ինձ համար մի քանի հոխա թամբաքու բեր»,— «Հաջի Միսաք, ղահվես պրծել է, ղահվե բեր»,— «Հաջի Միսաք, այս զեյթունի յուղը հասցրու մեր տանը»,— այսպիսի պատվերներ նա կատարում էր առանց մի փարա ընդունելու և մինչև անգամ իր գրպանից ծախսելով։ Այս պատճառով ճանապարհների վարչություններր շատ խիստ չէին վարվում հաջի Միսաքի հետ, մաքսատներից նրա քարավանը անցնում էր ամենայն ապահովությամբ և աստիճանավորները չէին նեղացնում նրան։ Բեռնակիրը, և մանավանդ ճանաչված բեռնակիրը, մեծ հավատարմություն ունի արևելքում։ Նրան հանձնում են ամենաթանկագին ապրանքների հակեր, նրան հանձնում են տոպրակներով լի ոսկի և արծաթ, առանց որևիցե թղթերի կամ պաշտոնական գրագրությունների, և նա իր ստացած ավանդները տանում է և անկորուստ հասցնում է պատկանած տեղը։

Ամեն քաղաքում գիտեին, թե երբ կհայտնվի հաջի Միսաքը։ Նրա քարավանի ընթացքը այնքան կանոնավոր էր: Եթե մի արտաքո կարգի դեպք պաաահելու չլիներ, նա մի ժամ ևս ետ չէր ընկնի սովորական օրից: Բայց այս անգամ հաջի Միսաքի քարավանը բավական դանդաղ էր ընթանում։ Չնայելով նրա վեր աոած հակերի փոքր ծավալին, նրանք բավական ծանր էին երևում: Հակերի մեծ մասը քառանկյունի երկայնաձև արկղիկներ էին երկաթի

201