Այս էջը սրբագրված է

բաժանում էին հայ գերիներին, բայց մի գեղեցիկ կնոջ կամ աղջկա վրա չէին համաձայնում, վիճում էին և սպառնում էին միմյանց սրերով։ Մի ուրիշ տեղում գայլերը, վայրենի կատուները, գիշակեր թռչունների հետ, հավաքված անթաղ դիակների վրա, իրանց առավոտյան նախաճաշիկն էին անում։ Դրանցից ոչ այնքան հեռու, կրոնասեր մահմեդական զինվորը, խորին ջերմեռանդությամբ իր վաղորդյան նամազն էր անում, և արյունոտ ձեռքերը դեպի երկինք բարձրացնելով, փառաբանում էր իսլամի ալլահին․․․
Այդ բոլորը կատարվում էր վառոդից և խարույկներից բարձրացած ծխի ու մխի մեջ, որ թանձր մառախուղի նման պատել էին հորիզոնը, և արգելում էին արեգակի ճառագայթների թափանցելուն։ Թնդանոթները որոտում էին, վիթխարի բերդի կողքերը ռմբակոծում էին, բայց նա անշարժ, բլուրների բարձրության վրա նստած, տակավին արհամարհում էր թշնամու անդադար հարվածները։
Բայց մի տեղ ամբողջ բանակի ուշադրությունը գրավել էր մի մարդ։ Նա երբեմն թռչկոտելով, երբեմն ծափ տալով, անցնում էր բանակի միջից, և միևնույն ժամանակ եղանակում էր մի այսպիսի հիմար քրդերեն երգ.

«Պառավ տատը գորտ դարձավ,
Գորտ դարձավ, ծովը մտավ,
Ծովից ավազ դուրս հանեց,
Ավազը ոսկի դարձավ,
Ոսկին տվեց մի այծ առեց,
Կաղլիկ, քոսոտ այծ առեց․
— Այծի՛կ, այծի՛կ, ջան այծիկ,
Ջանս քեզ ղուրբան, այծիկ,
Ասա՛, ի՞նչու դու եղար
Այսպես քոսոտ ու կաղլիկ․․․»

Խե՜նթը․․․ ձայն էին տալիս ամեն կողմից քրդերը, և հավաքվելով նրա շուրջը ստիպում էին կրկնել իր երգը։
Եվ իրավք այդ մարդը խենթ էր, կամ գոնե այսպես ձևացնում էր իրան։ Նա հագնված էր այն կերպով, որպես հագնվում են մեզ մոտ լարախաղացների օգնականները, որոնց կոչում են «տակի մասխարա» և որոնք լարի ներքևում զանազան տեսակ խեղկատակություններով ծիծաղեցնում են հանդիսականներին։ Նույնը անում էր և այդ խենթը։ Նա մի բարձրահասակ երիտասարդ էր վայրենի դեմքով․ գլխին դրած ուներ հին թաղիքի կտորից անշնորհք կերպով

82