Այս էջը սրբագրված է

հաստատամտությունը։ Երեկոյան տուն դառնալով, նա ասաց Վարդանին.

— Ես այդ անպիտանների հետ միսիոնարի պես պիտի վարվեմ։ Միսիոնարը ինչ ժողովրդի մեջ որ մտնում է, նրա առաջին հակառակորդները լինում են կարդացողները և հոգևորականները: Բայց միևնույն ժամանակ նրա առաջին հետևողները դառնում են նույն մարդիկը, որ սկզբում հակառակում էին։ Միսիոնարը հանձնում է նրանց զանազան գործեր, լավ ևս է ասել ոչինչ գործ չէ հանձնում, միայն ռոճիկներ է տալիս։ Այսպիսով նոր աղանդը հալածող պողոսները դառնում են նրա ամենամոլեռանդ պաշտպանները։

— Այդ իրավ է,— պատասխանեց Վարդանը,— ի՞նչ ես ուզում անել։

— Պետք է գործնական լինել,— ասաց պարոն Սալմանը մի առանձին անձնավստահությամբ, — պետք է հասկանալ, թե ինչո՞վ են գրավվում մարդիկ։ Ինձ հետաքրքիր է գիտենալ, թե այդ հիմար տիրացուն որքան շահ ուներ իր աշակերտներից, ես կառաջարկեմ նրան կրկնապատիկը ստանալ ինձանից և իմ դպրոցներում մի պաշտոն վարել, այսինքն ոչինչ գործ չկատարել։ Հավատացած եմ, որ այս առաջարկությունից հետո, առավոտյան ինքն կգա, բահը և բրիչը կվեր առնի և իմ բանվորների հետ կսկսե աշխատել դպրոցների շենքը կառուցանելու համար։ — Ես էլ այսպես եմ կարծում,— պատասխանեց Վարդանը,– բայց տերտերի բերանին էլ պետք է մի փոքր յուղ քսել։

— Այդ էլ կնեմ։

Չնայելով այնօր պատահած անախորժություններին, պարոն Սալմանը սովորականից ավելի ուրախ էր։ Գործի սկզբնավորության անաշողությունները բորբոքել էին նրա եռանդը, իսկ ապագայի պայծառ հույսերը լցրել էին նրա սիրտը մի անսահման բերկրությամբ։

—Գիտե՞ս, Վարդան, որքան բախտավոր, որքան ընդարձակ ապագա է խոստանում մեզ դպրոցը: Նա կտա մեզ բոլորը ինչ որ մենք ցանկանում ենք։ Նա՛, միայն նա կբուժե մեր դարաոր վերքերը և կպատրաստե նոր սերունդ մի առողջ և թարմ կյանքի համար։ Մեր նախորդների դարևոր անգործությունը թողեց մեզ համար, իրավ է, շատ աշխատանք։ Նրանք կանխապես չհեշտացրին մեր այժմյան հոգսերը, բայց փույթ չէ։ Տակավին կարելի է հույս ունենալ, որ ապագան մեզ է պատկանում։ Միայն հաստատուն և տոկուն աշխատանք պետք է։ Եմ կարծիքով, բավական չէ միայն

209

14 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. III