կրթել միտքը, ազնվացնել հոգին, պետք է կրթել և մարմինը: Դու ինքդ, Վարդան, նկատած կլինես, թե այստեղի մանուկները մինչև որ աստիճան դանդաղկոտ են, մինչև որ աստիճան ծանրաշարժ են: Պետք է ամրացնել նրանց մկանները, պետք է կազդուրել նրանց ջղերը: Այս կետից, մարմնամարզությունը մեր դպրոցների մեջ պետք է ընդունե նպատակահարմար ձև և կերպարանք, նա պետք է քաջություն ազդե մեր մանուկների մեջ և պետք է ամրացնե նրանց թուլացած սրտերը…
— Ես քեզ մի ուրախալի բան պիտի պատմեմ, Վարդան, այսօր տեսություն ունեցա մի քանի քրդերի հետ, խոսում էի նրանց դպրոցի և կրթության օգտավետության մասին։ Մեծ եղավ իմ զարմանքը, երբ նրանք ցույց տվին ամեն տեսակ պատրաստակամություն, հայտնելով, թե սիրով կհանձնեն իրանց որդիները հայոց դպրոցներում, երբ ուսումը այդքան լավ բան է։ Նրանց խոսակցությունից երևում էր, թե իրանք էլ շատ գոհ չեն, որ իրանց որդիները ավազակներ են լինում։ Եվ իրավ, այդ ժողովուրդը ի՞նչով է մեղավոր, որ մնացել է վայրենի, որ իր ապրուստը որոնում է ավազակության և մարդասպանության մեջ։ Մեղավորը մենք ենք, որ մինչև այսօր չաշխատեցինք կրթել նրանց։ Մեր սեփական շահերը պահանջում են անել այդ։ Եթե ցանկանում ենք ազատ մնալ գազանների կատաղությունից, պետք է աշխատենք ընտանեցել, պետք է աշխատենք նրանց վարժեցնել ավելի խաղաղ և ավելի քաղաքակրթված կյանքի։ Թուրքիան հոգ չէ տանում քրդերի կրթության մասին, և այդ շատ հասկանալի է, որովհետև քրդի վայրենությունը ավելի նպաստավոր է նրան։ Բայց մենք պետք է հոգ տան ենք, որովհետև վնասը մեզ է հասնում։ Մենք չենք դպչի նրանց կրոնին, մենք միայն կկրթենք նրանց։ Այնուհետև «ջուրը իր բնական ճանապարհը կգտնե»…
ԻԴ
Թուրքաց կառավարության կողմից պատերազմական պատրաստությանների նշանները արդեն նկատելի կերպով երևում էին: Եվ այդ կարելի էր տեսնել առավելապես Բագրևանդի գավառում, որ շատ հեռու չէր ռուսաց սահմանից։ Գյուղացիներից խստությամբ հավաքում էին ոչ միայն ներկա տարվա հարկերը, այլև պահանջում
210