Այս էջը սրբագրված է

Սալմանը,— բայց ո՞վքեր են այդ «մենք», որ առանձին կերպով շեշտեց Թոմաս էֆենդին: Նա շարունակեց.

— Ես հոգով շատ ուրախացա, երբ լսեցի ձեր դիտավորությունների մասին, պարոն Դուդուկջյան, և այս պատճառով դիմեցի ձեզ հայտնելու իմ առանձին շնորակալությունը: Մեր ժողովուրդը խավարի մեջ է. պետք է դուրս բերել նրան դեպի լույս աշխարհ: Դպրոցը միայն կփրկե նրան: Մի քանի օր առաջ պատահած անկարգությունները թող չվհատեցնեն ձեզ. ամեն բարի գործի սկիզբը դառնությամբ է լինում: Դուք իմ մեջ, որպես ձեր հայրենակցի մեջ, կգտնեք համակրություն և ձեռնտվություն: Ընդունեք իմ փոքրիկ ծառայությունները: Ես այսօր մի գործով գնում եմ մերձակա գյուղը. առավոտյան կվերադառնամ, և ինքս անձամբ կկանգնեմ, բաց անել կտամ դպրոցների հիմքերը: Այստեղ ոչ ոք չի գտնվի, որ Թոմաս էֆենդուն ընդդիմություն գործե:

— Շնորհակալ եմ, էֆենդի,— պատասխանեց պարոն Սալմանը,— դուք այնքան շատ զբաղմունքներ ունեք, որ ես չէի ցանկանա խլել ձեր թանկագին ժամանակը:

— Այդ ոչինչ,— ասաց կապալառուն մի առանձին բավականությամբ,— բարի գործի համար միշտ ժամանակ ունեմ: Նա ձեռք տվեց երկու երիտասարդներին և հեռացավ:

— Լիրբ… խաբեբա… — ասաց նրա ետևից Վարդանը:

— Կարելի է օգուտ քաղել այս տեսակ մարդերից, — պատասխանեց պարոն Սալմանը:

— Միթե հավատում եք նրա խոսքերին: Ով գիտե ի՞նչ սատանայական նպատակներ ունի: Երկու երիտասարդները արդեն հասել էին տեր-Մարութի տանը և ծեծում էին դուռը:

— Սիրուն ասեղներ… գույն-գույն թելեր… լավ հուլուններ… — լսելի եղավ կաղ չարչու ձայնը, որ անց էր կենում մյուս փողոցից:

— Վարդան, թողնենք այսօր տերտերի մոտ գնալը, — ասաց նրան պարոն Սալմանը:

— Ի՞նչու, — հարցրեց Վարդանը:

— Ինձ պետք է այդ չարչուց նի քանի բան գնել… Վարդանը սկսեց ծիծաղել իր ընկերի անտեղի ցանկության վրա:

— Եկեք, ուրիշ բան կա… — ասաց նրան պարոն Սալմանը:

215