Այս էջը սրբագրված է

դու անգործ մնաս, քեզ գործ կտամ, ինձ համար շատ մարդիկ են հարկավոր։ Օհոյի ուրախությանը չափ չկար: Դուք միայն գործ հանձնեցեք, աղա, այն ժամանակ կտեսնեք, թե Օհոն որպես լավ ծառայել գիտե:

— «Էշը որքան լավ բանե, այնքան իր գարին կավելացնե»…

— Իհարկե, այդպես է։

Էֆենդին այն կարգի մարդերիցն էր, որ պատահած տեղը այն աստիճան կհպարտանար, կփքվեր և կբարձրացներ իրան, որ «դարվազի դռնովը չէր կարող ներս մտներ», իսկ երբեմն այնքան կփոքրանար, որ ասեղի ծակով անց կկենար: Գյուղացու խրճիթում, երբեմն նա շատ մտերիմ էր լինում, և վարվում էր այնքան ընտանեբար, որպես մարդիկ վարվում են մի հայտնի տներում, որոնց թշվառ բնակիչներին փողոցում պատահելիս ամաչում են գլուխ տալ… Պետք էր մի խոստմունքով կաշառել դրացի Օհոյին, նա այստեղ այս գիշեր տանտիրոջ պաշտոն էր կատարում։ Եվ միամիտ գյուղաց ին բոլորովին հավատալով նրան, հայտնեց իր խորին շնորհակալությունը, ասելով.

—Աստված քեզ երկար կյանք տա, աղա, աստված ձեր ձեռքը մեր գլխից անպակաս անե։ Ընթրիքի ժամանակ էր։ Հայտնվեցավ Վառվառեն լվացվելու պարագայքը ձեռքին բռնած, և շնորհալի կերպով դրեց էֆենդու առջև, նա սկսեց լվանալ իր ձեռքերր։ Հետո տարածեց նա սեղանի սփռոցը, հաց դրեց, և կերակուրները, որքան որ պատրաստված էին, բոլորը մի անգամից շարեց սեղանի վրա, իրանց պատշաճավոր տեղերում։ Այդ բոլոր սպասավորությունների ժամանակ երևում էր անմեղ աղջկա անհամարձակությունը, խառն երկչոտության և ամոթխածության հետ, որ զարգացել էին նրա մեջ փակված կյանքից և օտար տղամարդերի հասարակության հետ հաղորդակցություն չունենալուց։

—Զավակս,— հարցրեց էֆենդին մանկահասակ աղջկանից, — քո անունը ի՞նչ է։ Նա կարմրեց, շփոթվեցավ և սկսեց այս կողմը և այն կողմը նայել, որ մեկը իր փոխարեն պատասխանե: Դրացի Օհոն ասաց, թե անունը Վառվառե է։

— Ի՛նչ գեղեցիկ անուն է, ճշմարիտ, շատ գեղեցիկ անուն

221