Այս էջը սրբագրված է

գլուխը կորցրել էր։ Միայն էֆենդին զգաստ էր, միայն նա իրան պահել էր իմանում։ Այդ միջոցին դրսում հավաքված կնիկների և աղջիկների բազմությունը համարձակություն ստացավ, և կամաց կամաց ներս մտնելով, նրանք նստեցին Սուսանի և Վառվառեի մոտ, և սկսեցին այնտեղից լսել երաժիշտներին։

— Պա՛ր, պա՛ր,— բացականչեց էֆենդին ծափ տաքով,— սլա՛ր եմ ուզում։ Այդ միջոցին դրացի Օհոն, որ հազիվ կարողանում էր իրան ոտքի վրա պահել, վեր կացավ, և հանդիսականների միջից բռնելով երկու փոքրիկ աղջիկների ձեռքից, համարյա զոռով քարշ տվեց, բերեց կանգնեցրեց խրճիթի մեջտեղում։ Երաժիշտները ածեցին տեղային պարի մի եղանակ։ Փոքրիկ աղջիկները մի փոքր ամաչեցին, մի փոքր կարմրեցան, մի փոքր «չենք կարող» ասացին, վերջապես սկսեցին պարել։

— Շաբաշ, շաբաշ[1], — գոռում էին երաժիշտները, ավելի թունդ կերպով ածելով։ Եվ էֆենդին դնում էր մի-մի արծաթի դրամ պարողների ափի մեջ, նրանք տալիս էին երաժիշտներին։ Պարը, որպես սովորաբար լինում է, սկսվեցավ փոքրիկ աղջիկներից և հետզհետե հանդիսացան ավելի հասակավորները։ Առաջին զույգը հոգնելուց հետո իրանց ձեռքի թաշկինակները ձգեցին ուրիշ երկու աղջկա վրա, այդ նշան էր, որ այժմ նրանք պետք է պարեին։ Այսպես հերթը հետզհետե փոխվում էր, և ամեն անգամ մեջ էին մտնում մի զույգ պարողներ։ Էֆենդին առատությամբ լցնում էր նրանց բուռը արծաթի «շաբաշներով», և երաժիշտները եռանդով ածում էին։ Հերթը հասավ Վառվառեին։ Գեղեցիկ աղջիկը գերազանցեց բոլորին իր շնորհալի պարով. նրա ամեն մեկ շարժումների մեջ նշմարվում էր գրացիա և կախարդիչ հրապուրանք։

— Մեր երկրում,—խոսեց էֆենդին — հայերի մեջ մի լավ սովորություն կա, երբ աղջիկը իր պարր վերջացնում է, մոտենում է տան պատվավոր հյուրին, չոքում է նրա առջև, և գլուխը դնում է նրա ծնկի վրա, և այնքան ժամանակ չէ բարձրացնում, մինչև նրաից մի լավ ընծա չէ ստանում[2]

224

  1. Շաբաշ նշանակում է այն արծաթը, որ ստանում են պարողները հանդիսականներից և հետո տալիս են երաժիշտներին։:
  2. Հայաստանում ոչ մի տեղ չկա այսպիսի սովորության. միայն ասիական բոշաների տղաները և կնիկները պարելու ժամանակ գործ են ածում այս տեսակ ձևեր հանդիսականներից փող ստանալու համար: