Այս էջը սրբագրված է

— Դուք առաջուց ճանաչո՞ւմ էիք նրան։

— Առաջին անգամն էր, որ տեսա նրան:

— Ուրեմն ինչո՞ւ ընդունեցիք ձեր տնում։

— Ես այս գյուղի տանուտերն եմ։ Զեզ հայտնի է մեր երկրի սովորությունը, տանուտերի տունը մի տեսակ քարվանսարա է, մի տեսակ հյուրանոց է, ուր ամեն մի օտարական, ամեն մի անծանոթ մարդ օթևան է գտնում։ Ի՞նչ կարող եմ գիտենալ, թե ով է գալիս կամ ո՞վ է գնում։

— Նա չթողեց այստեղ մի բան։

— Ոչինչ չթողեց:

— Դուք չհասկացաք, թհ ի՞նչ դիտավորությամբ էր շրջում նա այս կողմերում։

— Նա մեզ ոչինչ չհայտնեց։ Այսքանը գիտեմ, որ նա վարժապետ էր։

— Դուք գիտե՞ք թե նա ում հետ էր տեսնվում, կամ ում հետ էր խորհրդակցում։

— Վարժապետը ամեն մարդու հետ տեսնվում էր աշակերտներ գտնելու համար։

— Այժմ գիտեք, նա ո՞րտեղ է։

— Չգիտեմ։

— Կալանավորված է։

— Ավելի լավ, եթե վատ մարդ էր։ Այդ միջոցին զարկեցին տան դռան մուրճը։

— Ոչ ոքի ներս չթողնել, — հրամայեց հիսնապետը։ Ծառան հայտնեց, թե Թոմաս էֆենդին է։

— Նա կարող է գալ։

Ներս մտավ էֆենդին, և տեսնելով հիսնապետին իր խումբի հետ, իրան բոլորովին զարմացած ձևացրեց, որպես թե ինքը ամենևին տեղեկություն չունի, թե նրանք ինչու համար են մտել ծերունու տունը։

— Բարի լինի, ի՞նչ կա,— հարցրեց նա խորհրդավոր ձայնով: Հիսնապետր հայտնեց նրան իր պաշտոնի նպատակը։ Էֆենդու կոշտ դեմքի վրա անցավ մի կեղծ ժպիտ, և նա բռնելով հիսնապետի ձեռքից, ասաց.

— Գլխովս երաշխավոր կլինեմ, եթե տանուտեր Խաչոյի մոտ մի կասկածավոր բան գտնվելու լինի։ Դուք չեք ճանաչում, թե որքան բարի և լավ մարդ է: Նա տարավ հիսնապետին օդան, բայց զափթիաները, կավազները

231