Այս էջը սրբագրված է

Ես ավելի կասկած ունեմ ծերունու երկու որդիների և մի օտարականի վրա, որ նույնպես հյուր է այս տան մեջ։

— Ի՞նչ օտարական, — հարցրեց հիսնապետը։

— Մի ռուսաստանցի երիտասարդ, որ չափազանց վտանգավոր անձնավորություն է և սաստիկ ոխերիմ թշնամի մեր կառավարությանը։ Նա այս կոդմերում թափառում է վաճառականի պատրվակով, բայց իսկապես ռուսաց լրտես է։

— Նրան կալանավորել մի փոքր դժվար է, եթե ռուսաց հպատակ է։ — պատասխանեց հիսնապետը:

— Պատերազմի ժամանակ լրտեսներին միշտ կարելի է կալանավորել։ Ձեզ հայտնի է, որ պատերազմը շուտով հրատարակվելու է։

— Ես այդ գիտեմ…

— Այդ երիտասարդի մասին ես արդեն խոսացել եմ նորին գերազանցության զինվորական գործակատար՝ փաշա էֆենդու հետ, մի՞թե նա ձեզ ոչինչ չէ պատվիրել։

— Փաշա էֆենդին այսքանը միայն պատվիրեց, որ ես կատարեմ ձեր բոլոր կարգադրությունները։

— Շատ գեղեցիկ, — խոսեց էֆենդին ուրախ ժպիտով.— ես կկարգադրեմ ինչ որ պետք է։ Բայց մի բան էլ կա, ձեզ հետո կասեմ։

— Ես շատ անհամբեր եմ,— պատասխանեց թուրք աստիճանավորը, — ես «հետիններին» ազատել չեմ կարող։

— Ուրեմն ձեր ականջին կասեմ։

Հիսնապետը մոտեցրեց էֆենդուն իր ականջը, թեև օդայի մեջ բացի այդ երկուսից մի ուրիշ մարդ չկար, որ նրանց խոսակցությունը լսեր: Էֆենդին ասաց. «Ծերուկը բավական հարուստ է, պետք է նրան կթել»… Թոմաս Էֆենդին բավական ծանոթ լինելով թուրք պաշտոնատարների թուլություններին, նա շատ լավ էր իմանում, որ այդ կաշառակեր գազաններին այնքան չէ հետաքրքրում գործի էությունը, կամ նրա բոլոր մանրամասնությունների ճիշտ քննությունը, — որքան գրավում է նրան այն միտքը, թե ինչ ձև և ինչ ընթացք պետք էր տալ գործին, որ կարելի լիներ մեղադրվածից ավելի փող դուրս բերել։ Թոմաս էֆենդին աշխատում էր օգուտ քաղել թուրքերի այդ թուլությունից և իր հորինած մեքենան իր նպատակին համեմատ պտույտ տալ։ Այս պատճառով նա շատ ուրախացավ, երբ նկատեց, որ հիսնապետը գրավվելով իր վերջին խոսքերից, հարցրեց.

233