Այս էջը սրբագրված է

— Ուրեմն ինչպե՞ս եք կամենում, որ կարգադրենք գործը.

— Դուք ձեզ հետ բավական մարդիկ ունեք, պարոն հիսնապհտ, կհրամայեք հսկողության տակ առնել ծերունուն իր երկու որդիների հետ, որոնցից մեկը կոչվում է Հայրապետ, իսկ մյուսը Ապո: Բացի դրանցից, կհրամայեք կալանավորել ռուսաստանցի լրտեսին, որ կոչվում է Վարդան։ Հիսնապետը նշանակեց Ապոյի, Հայրապետի և Վարդանի անունները։

— Ձեր այսօր կատարած պաշտոնը,—շարունակեց էֆենդին,— լոկ խուզարկություն էր, բայց քննությունը տակավին վերջացած չէ: Ուրեմն դուք պետք է հիշյալ անձիքներին հսկողության տակ առնեք, մինչև քննությունը կկատարվի նորին գերազանցություն փաշա էֆենդու մոտ։

— Հասկանում եմ,— պատասխանեց հիսնապետը։

—Իսկ ես պետք է միջնորդի դեր կատարեմ, ինձ ձևացնելով ավելի պաշտպան մեղադրվածներին՝ նրանցից գաղտնիքներ որսալու համար։ Հասկանո՞ւմ եք։

— Հասկանում եմ…— կրկնեց հիսնապետը։

ԻԷ

Մինչ օդայի մեջ Թոմաս էֆենդին և հիսնապետը զբաղված էին իրանց սատանայական կարգադրություններով, դրսում զինվորների մեջ անց էր կենում բոլորովին այլ տեսակ խոսակցություն։

— Մահմուդ, — հարցրեց զափթիաներից մեկը իր ընկերից,— եթե այս գիշեր այստեղ մնալու լինենք, դու այդ հայի հարսներից ո՞րին պիտի ընտրես։

— Ինձ շատ դուր եկավ այն կարմրաթշիկ պստլիկը,— պատասխանեց Մահմուդը մի առանձին ախորժակով։

— Բայց իմ խելքը տարավ այն սև աչքերով սիրունիկը,—խոսեց առաջինը ոչ պակաս ոգևորությամբ։ Զինվորներր խուզարկության ժամանակ կանանոցը մտնելիս, երևի, ուշադրություն էին դարձրել ոչ այնքան իրանց խնդրած առարկաների վրա, որքան ծերունի Խաչոյի հարսների վրա։ Կին եղած տեղը մահմեդականը ամեն բան մոռանում է։

234