Այս էջը սրբագրված է

Հայրապետը, Ապոն և Վարդանը առավոտյան գնացին պարոն Դուդուկջյանին որոնելու նրանք, երևի, չգիտեն, թե ինչ է պատահել մեզ հետ, տուն կվերադառնան և իրանք էլ կընկնեն փորձանքի մեջ: Շուտով մի մարդ ուղարկիր, որ գոնե նրանց ասե, որ մի տեղում պահվեին և սպասեն իմ կարգագրություններին։


Վերջին խոսքերր ավելի խոր խոցեցին խեղճ կնոջ սիրտը, ուրեմն իր սիրելի ամուսնուն ևս վտանգ էր սպառնում, մտածեց նա, նա ի՞նչով էր մեղավոր, նա ի՞նչ էր արել… Բայց Սառան այսքան խելացի էր, որ նրանից ծածուկ չէին կարող մնալ իր ամուսնի մի քանի դիտավորությունները, որոնցից նա միշտ ցավալի հետևանքներ էր սպասում։


— Ո՞վ կգնա…— հարցրեց կինը վշտալի ձայնով և նրա բազմահոգ աչքերը կրկին լցվեցան արտասուքով։ Սառայի հարցմունքը անտեղի չէր։ Վտանգի ժամանակ երբ եղբայրը եղբորը ուրանում է, և մինչև անգամ նրա դեմ թշնամանում է — էլ ուրիշների վրա ի՞նչ հույս կարելի է դնել… Սառան իր ականջով լսեց, թե քանի րոպե առաջ Հայրապետի եղբայրները որպիսի բարկությամբ էին խոսում նրա մասին, և որքան գրգռված էին նրա դեմ։


Ծերունին հասկացավ Սառայի արդար դժգոհության պատճառը և տխրությամբ պատասխանեց նրան.


— Ես գիտեմ, որ ոչ ոք չի գնա… ես գիտեմ, որ վտանգի ժամանակ բոլորը կհեռանան մեզանից… Բայց Վարդանի երկու ծառաները՝ Սաքոն և Եղոն տանն են, դրանք համարձակ մարդիկ են և հավատարիմ։ Շտապիր շուտով հասկացնել նրանց գործի եղելությունը, իսկույն նրանք կգնան, կգտնեն Հայրապետին, Ապոյին և Վարդանին և ինչ որ պետք է՝ կհայտնեն նրանց։ Բավական է, որ ասեն թե պարոն Դուդուկջյանը կալանավորված է և մեր տան մեջ խուզարկություն արին, մնացածը նրանք կհասկանան։


Վերջացնելով իր պատվերները, ծերունին դուրս եկավ կանանոցից, համոզված լինելով, որ խոհեմ և խելացի Սառան կկարգադրե իր ցանկության համեմատ։


Բակում ծերունին նկատեց, որ կառավարության, կարգի, օրենքի և արդարության ներկայացուցիչները,— զինվորները, վայելելով գյուղացու սեղանի առատ բարիքներր, խմելով նրա գինին և արաղը, այժմ ներկայացնում էին անկարգության մի ամբողջ բաբելոն։ Աչքերը խփեց և անցավ։ Նա չկամեցավ տեսնել բացարձակ լրբություն, որ պատժել չէր կարող։