Այս էջը սրբագրված է

Նրան հայտնել էր մկրտող քահանան, տեր-Մարուքը, որ մի օր էֆենդու մոտ ճաշի հրավիրված լինելով և արբեցության մեջ իրան կորցնելով, հայտնեց գաղտնիքը, որի մասին ուխտել էր միշտ ծածուկ պահել։ Այն օրից Թոմաս էֆենդին սիրում էր Լալային։
Բայց ի՞նչ բան էր այդ բարոյապես փչացած մարդու մեջ սերը.– քաղցի և ծարավի բնական զգացմունք։ Կերավ, խմեց, կշտացավ,– և ահա՛ կարիքը անցավ։ Նա գոհ է, երբ կրքերը հագեցած են լինում։ Սիրո հոգեկան և իդեալական կողմերը անմատչելի էին Թոմաս էֆենդուն։ Սերը նրա մեջ լոկ անասնական ցանկություն էր։ Նա իր կյանքը թուրքերի հետ անցկացնելով, սեփականել էր նրանց բոլոր բարոյական հատկությունները։ Գեղեցիկ կինը, սիրուն աղջիկը մահմեդականի համար նույնպիսի գրավիչ առարկաներ են, որպես խաղալիքները երեխաների համար։ Երեխան հրապուրվում է, զվարճանում է իր խաղալիքով այնքան ժամանակ միայն, քանի չէ ձանձրացել, երբ ձանձրացավ, ձեռքի ունեցածը կկոտրե, դեն կգցե և մի ուրիշը կուզե։
Կինը Թոմաս էֆենդու համար իր էր, առարկա էր, որ սեփականում էր միայն իր առժամանակյա զվարճության, իր առժամանակյա բավականության համար,— տեսավ նրանից ավելի գեղեցիկը, նա պատրաստ էր թողնել առաջինը և աշխատել երկրորդը ձեռք բերելու համար։ Նրա վերջին վիճակը ընկել էր Լալայի վրա։ Բայց ի՞նչու այնպիսի անազնիվ և սատանայական ճանապարհներով էր աշխատում հասնել իր նպատակին։ Միթե չէ՞ր կարող ուղղակի առաջարկություն անել նրա հորը և խնդրել աղջկա ձեռքը։
Թոմաս էֆենդին հաջորդաբար էր վարվում։ Կյանքի բոլոր պետքերի և պահանջների մեջ, նպատակին հասնելու համար, նա իր առանձին գործելու եղանակն ուներ։
Թոմաս էֆենդին հարստահարիչ էր։ Հարստահարիչը ուղիղ ճանապարհներով չէ դիմում նպատակին։ Նա շրջում է ծուռումուռ շավիղների մեջ։ Հարստահարիչը այն տեսակ որսորդներիցն է, որ որոգայթներ է լարում, ցանցեր է դնում, ծուղակներ է կազմում իր որսը բռնելու համար։ Բարոյական հարստահարության մեջ Թոմաս էֆենդին նույն կերպով էր վարվում։ Նա աշխատում էր մի անմեղ աղջկա սերը որսալ դիվական խորամանկություններով։ Նա աշխատում էր Լալայի հորը մի այնպիսի անելանելի դրության մեջ դնել, որ հակառակ իր կամքին, ստիպված լիներ իր աղջիկը էֆենդուն տալ։

242