Թոմաս էֆենդին Լալայի վրա նայում էր, որպես իր հոր սեփականության վրա,— որպես նրա մշակության մի բերքի վրա։ Նա, իբրև կապալառու, գիտեր, թե ինչ միջոցներ պետք է գործ դնել գյուղացու մշակության բերքը ձեռքիցը խլելու համար։ Նա գիտեր, որ մինչև գյուղացուն չես տանջում, չես չարչարում, և նրա բոլոր ընդդիմադրության ուժերր նրանից չես խլում,— նա չէ հոժարվում իր աշխատանքի արդյունքը, իր ստացվածքը ձեռքից բաց թողնել։ Այդ մտքով Թոմաս էֆենդին կապեց, կաշկանդեց ծերունի Խաչոյին այնպիսի անլուծանելի հանգույցներով, որ ինքը միայն կարող էր բաց աներ:
Մատնելով նրան իր որդիների հետ որպես քաղաքական հանցավորներ, որպես մի խռովարար մարդու դավակիցներ, որպես իրանց տնում պատերազմի ժամանակ լրտես պահողներ,— Թոմաս էֆենդին մի երկրորդ նպատակ ևս ուներ, այն է, դրանով ցույց տալ թուրք կառավարությանը իր հավատարմությունը և մատուցած մեծ ծառայությունր։ Մյուս կողմից, ասել ծերունի Խաչոյին՝
«Տե՛ս, եթե Լալային ինձ չտաս, դու և քո որդիներդ կախաղան կբարձրանաք, քո տունը կրակով կայրեն և քո հարստությունը կգրավեն… Ես միայն կարող եմ փրկել ձեզ և իմ վարձատրաթյունը պետք է լինի գեղեցիկ Լալան…»։
Այդ բոլորը կարող էր կատարել չարագործը։ Նա իր ձեռքում ուներ մի փաստ, որ ամենապարզ ապացույցն էր նրա մատնությունների համար.— դա էր ծերունի Խաչոյի տան պահարանի մեջ թաքցրած խուրջինը, որի մեջ պահված էին պարոն Սալմանի թղթերը: Իսկ պահարանի երկաթի դռան բանալին էֆենդին իր գրպանումն ուներ։
Բայց նա դեռ չէր ցանկանում չարությունը իր ծայրահեղությանը հասցնել։ Նա համոզված էր, որ Լալայի հոր հոժարությունը ստանալ դյուրին էր։ Բայց նա տեսնում էր իր առջև մի ավելի հզոր ախոյան—Վարդանին։ Սկսյալ այն օրից, երբ օդայի մեջ Վարդանը խլեց Ստեփանիկի ձեռքից էֆենդուն մատուցանելու չիբուխը և բարկությամբ դուրս ձգեց լուսամատից,— սկսյալ այն օրից, երբ Վարդանը Ստեփանիկի պատճառով այնպես կատաղի կերպով հարձակվեցավ էֆենդու վրա,—այս վերջինը հավատացած էր, որ Վարդանի և Ստեփանիկի մեջ կա մի ներքին կապ, թե այդ երկուսը սիրում են միմյանց։ Բացի դրանից, նա գիտեր, որ Վարդանը մեծ համակրություն է վայելում ծերունու ընտանիքի մեջ և նրանք մեծ ուրախությամբ իրանց աղջիկը նրան կնության կտային, իսկ եթե չհոժարվեին
243