երբ տեսավ, որ նա շատ հեռու չէր գնացել, կրկին գլուխը դրեց իր խուրջինի վրա, որ բարձի տեղ էր ծառայում, և պառկեց։ Ուրեմն նա քնած չէր և եթե քնած էր, այժմ զարթեցավ։ Խռովության նման մի բան կրկին ցնցեց ուղևորի դեմքը․ նրա պնչերը սկսեցին լայնանալ և շրթունքը դողդողալ։ Բայց երբ նրա աչքը ընկավ նիզակի վրա, տեսավ, որ նիզակը բավական հեռու ցցած էր գետնի մեջ, և ուղիղ դեպի այն կողմի վրա, որտեղ թաքնված էր ինքը։ Այդ առիթը, կարծես, նրան մի փոքր հանգստացրեց, նրա դեմքը այժմ խաղաղ կերպարանք ընդունեց և աչքերի մեջ փայլեց ուրախության նման մի բան։ Զե՛նք, — այդ էր հարկավոր նրան իր դիտավորությունը կատարելու համար․․․։ Հանկարծ, որպես մի դարանակալ վագր, նա դուրս թռավ եղեգնաբույսերի միջից, խլեց նիզակը և արձանացավ պառկած քրդի առջևը։
— Տուր զենքերդ, — եղավ նրա առաջին խոսքը։
Քուրդը տեսնելով այդ այլանդակ կերպարանքը, զինվորի քրքրված վերարկուի մեջ և իր ծաղրական գլխարկով, մի արհամարհական հայացք ձգեց նրա երեսին, և առանց փոխելու իր պառկած դիրքը, ձեռքը տարավ ատրճանակին, և ուղղելով դեպի խենթը, ասաց,
— Ա՛ռ, ահա՛․․․
Ատրճանակը որոտաց և գնդակը անցավ խենթի կողքի մոտից։
— Անիրա՛վ, դու ընդդիմանում ե՞ս, — գոչեց նա և նիզակի ծայրը ուղիղ խրեց քրդի կոկորդի մեջ։ Տաք արյունը դուրս ցայտեց վերքից, նրա գլուխը դողդողաց և ընկավ գետին։
Կրկին բարձրացավ քուրդը և մի երկրորդ անօգուտ փորձ փորձեց, ձեռքը տարավ դեպի իր սուրը, կիսով չափ դուրս քաշեց պատենից, բայց ձեռքը թուլացավ և սուրը մնաց իր տեղում։
— Շո՛ւն, ինչո՞ւ ես սպանում ինձ․․․ — հարցրեց նա մահվան տագնապի մեջ։
— Դու շատ ես սպանել իմ ազգից․․․ դու շատ ես հափշտակել․․․ ես ձեզանից սովրեցա սպանելը․․․ ձեզանից սովրեցա հափշտակելը․․․ ես հեռու ճանապարհ պիտի գնամ․․․ տեսնո՞ւմ ես, ո՛չ հագուստ ունեմ, ո՛չ զենքեր և ո՛չ ձի։ Քո հագուստը, քո զենքերը և այդ գեղեցիկ ձին, որ արածում է խոտերի մեջ, ինձ պետք էին․․․ Ես գիտեի, որ քանի շունչդ բերանումդ է, ոչինչ չես տա ինձ, դրա համար էլ քեզ հանգստացրի․․․ Գուցե դու զրկվեցար Բայազեդի կողոպուտից, բայց փույթ չէ, քո եղբայրները այնտեղ եռանդով գործում են․․․
86