Քուրդը ոչինչ չլսեց․ նրա աչքերը արդեն փակվել էին․․․ և անշունչ դիակը տարածվել էր գետնի վրա։
Այդ բոլորը կատարվեցավ մի քանի րոպեի մեջ։ Ուղևորը մերկացրեց իր զոհին․ նրա դիակը քաշեց տարավ և թաքցրեց եղեգների մեջ․ ծածկեց իր քրքրված վերարկուով և ինքը հագնելով նրա զգեստը, կրելով նրա զենքերը, — թռավ գեղեցիկ ձիու վրա և շարունակեց իր ճանապարհը․․․
Դ
Այդ անցքից մի օր հետո, մի ձիավոր, քրդի ձևով հագնված ծտի նման սլանալով մտավ Տեր-Ղուկասովի բանակը։ Նա հայտնեց, թե գեներալի անունով շատ կարևոր նամակ ունի բերած։ Նրան տարան դեպի գեներալի վրանը։ Մի օֆիցերի ձեռքով նամակը ներս ուղարկեց նա, իսկ ինքը վրանի դրսումը սպասում էր, հոգ տանելով իր ձիուն, որ շատ քրտնած էր։ Մի քանի րոպեից հետո նրան ներս կանչեցին։
Վրանի մեջ նստած էր միջահասակ մի զինվորական, լիքը կազմվածքով և առյուծի խրոխտ դեմքով։ Դա ինքը՝ Տեր-Ղուկասովն էր։ Նա ալևոր գլուխը թեքած ուներ գրասեղանի վրա, ուր ածած էին շատ նամակներ, որ նոր էին բացված։ Նա կրկին վեր առեց նրանցից մեկը, կարդում էր և անդադար ծխում էր։ Նրա անհանգիստ դեմքը արտահայտում էր ներքին խռովություն և խորին ցավակցություն։ Նա դարձավ դեպի նամակաբերը, հարցնելով․
— Դու հա՞յ ես։
— Բացի հայ լինելս, տերտերի տղա եմ, — պատասխանեց երիտասարդը։
Գեներալը մի սուր հայացք ձգեց նրա համարձակ դեմքի վրա և շարունակեց իր հարցուփորձը։
— Բերդում հա՞ց կար։
— Մի քանի օրից հետո կսկսեն մեկմեկու միս ուտել, եթե չէին ցանկանա քաղցած մեռնել։
— Ջուրը ինչպե՞ս։
— Չկա։ Պետք է դրսից բերել տալ․ ցերեկով դուրս գալու հնար չկա․ իսկ գիշերը երբ մթնում է հերթով տասը քսան մարդ իջեցնում են պարիսպներից, որ գնան ջուր բերեն․ քրդերը այդ լավ
87