Այս էջը սրբագրված է

խորին ցավակցությամբ պատմում էր իր ընկերուհու՝ Նարգիսի անցքը, թե որպես հափշտակեցին, թե որպես տարան նրան քրդրերը, որպես անբախտ ու տխուր էր այժմ Նարգիսը...

Լինում են րոպեներ, որ մարդը թշվառության, վտանգի, դառն պատահմունքների ամենասաստիկ հարվածների տակ ավելի քաջանում է, ավելի տոկուն, անխորտակելի սիրտ է ստանում և ավելի հանգստանում է։ Նա սկսում է այնուհետև արհամարհել չար բախտի հարվածները, երբ նրանք հասնում են մի հայտնի աստիճանի, որից ավելին սպասել չէր կարելի։

Նույն դրության մեջն էր գտնվում այժմ Վարդանը։ Նա այլևս չէր մաքառում մտքերի, զգացմունքների և հոգեկան տանջանքի խռովության հետ։ Նա այժմ հանգիստ էր։ Ամեն ինչ միանգամով վճռվեցավ նրա մեջ։ Այժմ նա գիտեր, թե ինչ պետք էր աներ:— Ընկերի սերը հաղթեց կնոջ սերին։— Ընկերի կորստյան մեջ սպանվում է գաղափարր, հարստահարված և թշվաո գյուղացու ազատության գաղափարը, որի մեջ բովանդակվում էր ոչ միայն Լալայի, այլ շատ հազարավոր կնիկների պատիվը և փրկությունը։ Ի՞նչու միայն Լալայի համար հոգալ, ի՞նչու թողնել ընդհանուրը և մասնավորի ետևից ընկնել...— մտածում էր նա։

— Այս բոլորից հետո,— խոսեց Վարդանը,— ես պետք է կրկնեմ ձեզ միևնույնը, ինչ որ ասացի մի քանի րոպե առաջ։ Ես պետք է գնամ պարոն Սալմանի ետևից, և պետք է աշխատեմ, ինչ հնարքով և լինի, ազատել նրա կյանքը։ Իսկ Լալային, իհարկե, նույնպես անոգ թողնելու չէ. նրա մասին ևս պետք է մի կարգադրություն անել։ Ահա իմ խորհուրդը, լսեցեք...

— Ոչինչ կարգագրություն պետք չէ...—լսելի եղավ մի ձայն և տաղավարի ետևից հայտնվեցավ կաղ չարչու հսկայական կերպարանքը։

Վարդանը, տեսնելով նրան, մի առանձին ուրախություն զգաց, բայց Հայրապետի և Ապոյի վրա խիստ անախորժ տպավորություն գործեց, երբ տեսավ, որ այդ թափառականը գաղտնի լսում էր իրանց խոսակցությունը։ Այդ օտարոտի մարդու մասին նրանք դեռ ոչինչ չգիտեին, բայց երբ նկատեցին, որ Վարդանը խիստ մտերմաբար բռնեց նրա ձեռքից և նստեցրուց իր մոտ, այն ժամանակ երկու եղբայրները փոքր ինչ հանգստացան, մանավանդ երբ Վարդանր հայտնեց նրանց, ասելով՝ մի՛ կասկածեք, մեզանից է...

Բայց Մելիք-Մանսուրը այժմ այն չէր, որպես տեսել էին

260