Այս էջը սրբագրված է

նրան մի քանի ժամ առաջ թափառական չարչու ցնցոտիների մեջ: Ինքը՝ Վարդանը հազիվ կարողացավ ճանաչել նրան իր այժմյան նոր կերպարանափոխության մեջ: Նա կրում էր լազերի ազգային համազգեստ և կատարելապես զինված էր։

— Ես ձեզ մոտ երկար մնալ չեմ կարող,— ասաց նա շտապելով,— ձեզ հայտնի է, որ մեր «դուդուկջին» ընկավ ծուղակի մեջ, պետք է ազատել նրան:

— Մենք էլ հենց այդ մասին էինք խոսում,— պատասխանեց Վարդանը:

— Դուք նրա մասին միամիտ կացեք, նա էգուց կամ մյուս օրը ազատված կլինի,— ասաց նա կանգնելով:— Դուք միայն շարունակեցեք մեր ընդհանուր գործը: Առայժմ բարի գիշեր։

— Դուք մենա՞կ եք գնում:

— Ոչ, իմ ընկերները այնտեղ սպասում են: Նա ձեռքը պարզեց դեպի լեռան կողմը, ուր գիշերային խավարի միջից աղոտ կերպով երևում էին մի խումբ ձիավորներ:

— Ո՞վքեր են նրանք,—հարցրեց Վարդանը:

— Մի քանի լեռնեցի երիտասարդներ: Ցտեսության: Վարդանը կամենում էր մի քանի բաներ ևս հարցնել, բայց նա հեռացել էր արդեն: Հայրապետը և Ապոն բոլորովին ապշած մնացին: Նրանք դեռ չգիտեին այդ գաղտնածածուկ անձնավորության ով կամ ինչ աեսակ մարդ լինելը: Վարդանը հաղորդեց ինչ տեղեկություններ որ ուներ նրա մասին, և երկու եղբայրները այժմ համոզված էին, որ այդ հնարագետ մարդը կարող էր ազատել պարոն Սալմանին:

Նրանք վեր կացան և սկսեցին դիմել դեպի տուն: Բայց Սաքոն և Եղոն՝ Վարդանի երկու ծաոաները, որոնք ծերունի Խաչոյի խորհրդով ուղարկված էին, որ Վարդանին և իր որդիներին զգուշացնեն, որպեսզի նրանք տուն չվերադառնան,—Վարդանի այդ հավատարիմ արբանյակները, թեև ամբողջ օրը որոնեցին նրանց, բայց գտնել չկարողացան, որ հայտնեին, թե ինչ էր սպասում նրանց ծերունի Խաչոյի տան մեջ:

— Եղո,— ասաց նրան իր ընկեր Սաքոն,— բանը վատ է, մենք, պեաք է աշխատենք չբռնվեք, որ եթե աղային մի բան պատահելու լինի, կարողանանք վրա տալ:

— Ես էլ այսպես եմ մտածում, – պատասխանեց Եղոն: Երկու ընկերները վճռեցին հեռվից հսկել Վարդանի վրա և իրանց հեռու պահել ծերունու տնից:

261