Հ
Գիշերից բավական անցել էր, երբ Վարդանը, Հայրապետը և Ապոն վերադարձան տուն։ Նրանք դեռ չգիտեին, թե իրանց բացակայության ժամանակ ինչ էր պատահել տան մեջ։ Բոլորովին անկասկած կերպով ներս մտան և իսկույն նրանց ետևից դուռը փակվեցավ։ Երկու պահապան զինվորներ կանգնած էին այնտեղ: Հիսնապետը իր անկարգ խումբով օդայի մեջն էր։ Մի քանի անզգամ զափթիաներ թափառում էին տան բակում, և որսորդական շների նման, հոտ քաշելով որոնում էին մի բան ձեռք ձգեր:
Տան հարսներին տարել էին դրացիների և ծնողների մոտ։ Այսպիսի դեպքերում—երբ մի տան վրա մեղադրանք է դրվում և նա գտնվում է զինվորների հսկողության ներքո, կնիկներին հեռացնում են տնից։ Տեսնելով այդ բոլորը, Վարդանը իր ընկերների հետ դարձյալ առաջին անգամից չհասկացան, թե ինչ էր նշանակում այդ խառնիճաղանճ ամբոխը։ Որովհետև տանուտերի օդայում, որպես ամեն մի հայ գյուղացու տան մեջ, զինվորների խումբերով օթևանելը՝ այդ երկրում մի սովորական բան էր: Եվ ամեն անգամ, երբ գյուղացին այս տեսակ հյուրեր է ընդունում, միշտ ստիպված է իր հարսին, կնոջը և աղջկան, իր հյուրի կրքերից ազատ պահելու համար, գիշերը դրացու տունը ուղարկել, եթե հյուրը այնքան բարի կլիներ, և իր սուրը տան տիրոջ կոկորդի վրա դնելով, չէր բռնադատի նրան, որ կնոջը տանը պահե իրան հյուրասիրելու և ծառայություն անելու համար։ Հայրապետի եղբայրներից մեկր, հանդիպելով նրան, զայրացած կերպով ասաց.
— Տեսա՞ր այն «պամպուլիկը» ի՞նչ օյին բերեց մեր գլխին... հիմա եկ, դիվանի պատասխանը տուր... Ես հենց առաջին օրը,այն լակոտի վզակոթին տալով, դուրս կանեի մեր տնից, բայց դու սատանայի նման հակառակ եղար, և չթողեցիր... Հիմա եկ, պատասխան տուր... Հայրապետր ոչինչ չխոսեց, նա հասկացավ, որ եղբոր հայհոյանքները վերաբերում են պարոն Սալմանին։ Նա հասկացավ տխյուր եղելությունը...
— Մեր տղա, մենք էլ ընկանք ծուղակի մեջ...— ասաց նրան Վարդանը ծիծաղելով։— Այդ էր պակաս... Իսկույն մի քանի զափթիաներ մոտեցան, և նրանց բռնելով,
262