Այս էջը սրբագրված է

տարան օդան, հիսնապետի մոտ։ Թոմաս էֆենդին այնտեղ չէր։ Նա իր կարգադրությունները կատարելուց հետո, հեռացել էր, և այս գիշեր, որպես հյուր, գտնվում էր գյուղի քահանայի տանը։ Օդայի մեջ, բացի ծերունի Խաչոյից և հիսնապետից ուրիշ մարդ չկար, միայն մի քանի զինվորներ կանգնած էին դռանը։ Վարդանը ներս մտնելով անցավ և նստեց տանուտերի մոտ, առանց սպասելու, որ թուրք աստիճանավորր նրան թույլ տար նստելու։

Հայրապետր և Ապոն մնացին ոտի վրա։ Վարդանի վարմունքր հիսնապետին ծանր երևեցավ և նա բավական արհամարհական կերպով հարցրեց նրանից.

— Դուք որտեղացի եք, հայ: «Հայ» բառը գործ գրեց նախատական մտքով։

— Ռուսաստանցի, — պատասխանեց Վարդանը զսպելով իր վրդովմունքը։

— Ի՞նչ գործով եք եկել այստեղ։

— Առևտուր եմ անում այս կողմերում։

— Անցագիր ունե՞ք։

— Ունեի, բայց կորցրել եմ։

— Այդ հեշտ է ստուգել, դուք միայն ասացեք, թե սահմանագլխի որ մաքսատնից և երբ անցաք, մենք կհարցնենք, այնտեղ ձեր անցագրի համարը և անունը գրված կլինի։

— Ես կանտրաբանտիստ եմ, այս արհեստով պարապող մարդիկ մաքսատան չեն մոտենում։ Այն էլ կասեմ, որ ես հենց առաջուց անցագիր չունեի։

— Այդ գուցե ձեզ կներվեր, եթե դուք միայն կանտրաբանտիստ լինեիք, բայց դուք մեղադրվում եք մի ուրիշ հանցանքով ևս։

— Ի՞նչով։

— Դուք լրտես եք։

— Ուղիղ է... երևի, Թոմաս էֆենդին է հաղորդել ձեզ... իսկապես նա շատ ճշմարտախոս մարդ է....— ասաց Վարդանը հեգնական եղանակով։

— Այդ միևնույն է, թե ով է հաղորդել,– պատասխանեց հիսնապետը, պահպանելով պաշտոնական մարդու սառնասրտությունը.— կասկածավոր մարդիկ, մանավանդ այս պատերազմական ժամանակներում, մենք մեր երկրում չենք թողնում։ Ձեզ այս գիշեր կպահեն այստեղ և առավոտյան կտանեն զինվորական գործակատարի մոտ։ Նա կկարգադրե ձեր վիճակը։

263