— Ուրեմն ի՞նչ հարկ կար այդ բոլոր հարցուփորձերը անելու, երբ իմ վիճակը զինվորական գործակատարի մոտ պետք է վճռվի։ Դուք կարող էիք հենց սկզբից կալանավորել ինձ և ավելի ոչինչ: Բայց ձեր սովորությունն է։
Այստեղ վերջին զափթիան անգամ, երբ ուղարկվում է մի հանցավորի ետևից, նա կատարում է այն բոլորը, ինչ որ պետք է աներ բարձր դատարանը։
Հիսնապետը թեև վիրավորվեցավ, բայց ոչինչ չպատասխանեց։ Նա կանչեց չորս զափթիաներ և հրամայեց, որ տանեն և պահեն Վարդանին։ Նա ամենևին ընդդիմադրություն գործ չդրեց և թույլ տվեց, որ կալանավորեն իրան։ Վարդանին տանելուց հետո հիսնապետը դարձավ դեպի Հայրապետը և Ապոն։
— Դրանցից ոչինչ հարցնել պետք չէ ,— հրամայեց նա,—դրանց հանցանքը հայտնի է, տարեք, զգուշությամբ պահեցեք։
Ծերունի Խաչոն խորին թմրության մեջ, որպես մի կիսաքուն և կիսարթուն մարդ, կարծես, երազի մեջ տեսնում էր այդ բոլորը։
Ինչո՞ւ էֆենդին խաբեց իրան։ Մի՞թե այդ բոլորը ձևի համար էր կատարվում, որպես հավատացնում էր էֆենդին։ Վարդանին, Հայրապետին և Ապոյին տարան և կողպեցին մի շինվածքի մեջ, որ ծառայում էր որպես ցորենի ամբար։ Նրա հատակը և պատերը կառուցված էին քարից։ Կրով ամուր կպցրած միմյանց հետ, որ մկները չկարողանան ծակել և ցորենը փչացնել, լուսամուտները նեղ էին և պատած ցանցատեսակ երկաթով, որ արգելում էին թռչունների ներս մտնելը։ Այս շինվածքը ամեն հարմարություն ուներ այս գիշեր բավական ամուր բանտի փոխարեն ծառայելու։ Մի անկյունում վառվում էր յուղային ճրագ և տարածում էր իր լույսը ամբարի խավար կամարների մեջ։
Հայրապետր և Ապոն լուռ էին. նրանց դեմքի վրա նկարված էր խորին հուսահատական տխրություն դառն զարհուրանքի հետ։ Նրանց հայտնի էր թուրք աստիճանավորների անգթությունը, որ մի ամենաչնչին հանցանքը պատճառ բռնելով և շատ անգամ մեղադրությունները իրանք, հեղինակելով, և արդարին հանցանքի մեջ զրպարտելով,
— Միշտ պատրաստ էին կեղեքել, մաշել և ոչնչտցնել անմեղներին, մանավանդ երբ նրանք հայ էին և փոքրիշատե ունևոր մարդիկ էին։ Իսկ այժմ հանցավոր համարվելու համար բավական ապացույցներ կային։ Բայց ո՞րպես հայտնվեցան, ո՞վ պետք է մատնած լիներ։— Այդ մասին նրանք մի որոշ կարծիք կազմել չէին կարողանում։
264