Այս էջը սրբագրված է

նրա մեջ գերակշռեց երկյուղի և վարանման զգացմունքին, իսկ մոտալուտ վտանգը ծնեց նրա գլխում փրկության մի միջոց: — Գնանք,— ասաց նա,— բռնելով Ստեփանիկի ձեռքից, և Սառային օգնելով, երկուսը միասին գրկեցին խեղճ աղջկան, որ տակավին ուշագնացության մեջ էր։ Նրանք սկսեցին ցած իջնել կտուրից։ Այդ միջոցին լսելի եղավ մի սաստիկ շառաչյուն, որ իսկույն խլացավ անձրևի և փոթորկի խռովության մեջ։ Դա հարևանի դռան ձայնն էր, որ խորտակեցին թուրքերը։

Տերտերի տանը կից էր մարագը, բակից մի փոքրիկ դուռ բացվում էր նրա մեջ. Զուլոն տարավ փախստականներին այնտեղ։

Սառան և Ստեփանիկը թաքնվեցան խոտերի մեջ։

— Ես էլի կգամ ձեզ մոտ,— ասաց Զուլոն,— և մարագի դուռը կողպելով, հեռացավ։

Անձրևի ձայնից թե տերտերը և թե նրա հյուրերը չլսեցին, թե ինչ է կատարվում դրսումը։ Իսկ Զուլոն վերադառնալով, նրանց ոչինչ չհայտնեց։ Նա միայն մոտեցավ տերտերին և նրա ականջին ասաց, թե հարևանի տանը բոլորը քնած էին, և ոչինչ փոխ առնել չկարողացավ «մազա» պատրաստելու համար։

— Ես մի բան կգտնեմ,— խոսեց տերտերը, և վեր կենալով, մոտեցավ պահարանին, սկսեց քրքրել այնտեղ դրված իրեղենները:

Էֆենդին օգուտ քաղելով քահանայի բացակայությունից, դարձավ դեպի Զուլոն և կամաց ասաց նրան.

— Դու ինքդ «մազա» ես., «մազան» էլ ի՞նչ կանենք...

Տիրացու Սիմոնը այնքան խմած էր, որ ոչինչ չլսեց։ Իսկ Զուլոն վշտացած էֆենդու ակնարկությունից, պատասխանեց նրան.

— Լիրբ…

Հայ կինը ամեն նեղության համբերող է, ամեն վիրավորանքի առջև լուռ է, բայց երբ դիպչում են նրա պատվին, այն ժամանակ նա անհամբեր է դառնում։ Զուլոն վրդովված գնաց և նստեց իր հիվանդ զավակի մոտ, որ այժմ զարթել էր քնից։ Երեխան հանգիստ էր, և տեսնելով մորը իր մոտ, ասաց նրան․

— Մտյրիկ, Թորոսին ծեծիր, իմ ճաները խլում է։ Թորոսը հիվանդի մեծ եղբայրն է. երևի երազի մեջ խլել էր նրա ճաները։ Մայրը հանգստացրուց, ասելով․

— Տե՛ս, աչքիս լույս, Թորոսը ճաներդ տվեց, տե՞ս, այստեղ է:

274