Այս էջը սրբագրված է

ասացեք, տեր հայր, Խաչոն ինքը մեղավոր չէ՞, որ այսպես պատժվում է։

Խաչոյի այն օրվա անցքը իր վրա դարձրեց բոլոր գյուղացիների ուշադրությունը, թեև գործի մանրամասնությունը ոչ ոքին հայտնի չէր. այսուամենայնիվ, բոլորը մեղադրում էին նրան։ «Հային ի՞նչ սազ կգա զենքը,– ասում էին նրան,– եթե կրակը տալու լինես երեխայի ձեռքը, առաջ իր մատր կայրե»... Քահանայի կարծիքը շատ չէր տարբերվում այս տեսակ մտածությունից։ Նա էֆենդու հարցին պատասխանեց.

— Ես մի բան գիտեմ, որդի, երբ ջհուդները սրոք և բրոք եկան տերն մեր Հիսուս Քրիստոսին բռնելու, Պետրոս առաքյալը սուրը քաշեց զարկեց և քահանայապետի ծառա Մաղքոսի ականջը կտրեց։ Այն ժամանակ տերն մեր Հիսուս Քրիստոս սաստեց Պետրոսին, ասելով, որ սուրը իր տեղը դնե, որովհետև սուր բանեցնողը սրով կկործանվի։ Այս խրատը մենք պետք է չմոռանանք, եթե ուզում ենք քրիստոնեական հավատի դեմ չմեղանչել։

— Փառավորիս, տեր հայր, լավ ես հասկացել,— ասաց էֆենդին,— իսկ այն տետրակները կարդացի՞ք։

— Կարդացի, մի հատ ընկել էր տիրացու Սիմոնի ձեռքը, բերեց ինձ մոտ, միասին կարդում ենք, կարդում ենք, ոչինչ չենք հասկանում։ Ասում եմ, օրհնածներ, գրում եք, օրինավոր բան գրեցեք, որ համ հոգու, որ համ մարմնի շահ լինի, որ մարդ կարդա, իր մեղքերը զղջա, այս տեսակ ծռտի-պռտի բաներից ի՞նչ օգուտ: Տիրացու Սիմոն, դրուստ չե՞մ ասում, դու էլ խո կարդացիր։

— Ես չհավանեցի,— պատասխանեց մանկավարժը, որ առիթ ունեցավ իր գիտությունը ցույց տալու,— բոլորը սատանայական բաներ էին։ Եթե Այսմավուրքից կամ հարանց վարքից գրեին, ժողովուրդը կկարդար և կխրատվեր։ Բայց ես ուրախ եմ, որ Վարդանը պատժվեցավ, շատ հպարտ տղա էր։ Մի անգամ մտնում է իմ դպրոցը, ասում է. ի՞նչ ձեր գործն է կրթությունը, դուք երեխաներին փչացնում եք, գնացեք իշաներ արածացրեք։ Այդ ասելու խո՞սք է. կարծես, ինքը ինձանից շատ է կարդացել։

— «Էշին քացին ավելի է ցավացնում, քան թե ձիունը»,— խոսեց էֆենդին։— Այդ Վարդանը ինձ էլ շատ անգամ վիրավորել է։

Այսպես տերտերը, մանկավարժ տիրացուն և երկրի պաշտոնական մարդը, յուրաքանչյուրը իր դատողություններն էր հայտնում ցավալի անցքերի մասին, և նրանցից ոչ ոք չէր մտածում, թե ինչ էր կատարվում հարևան Զաքոյի տանը։

Նրանցից ոչ ոք չէր

279