էր հիվանդ մանուկի մոտ, տհաճությամբ էր լսում հյուրերի խոսակցությունը, որ նրա համար խիստ ձանձրալի էր։ Նա անհամբերությամբ սպասում էր, որ նրանք վերջացնեն, վեր կենան քնեն, որպեսզի ինքը կարողանա գնալ
Սառայի և Ստեփանիկի մոտ, տեսնելու, թե ի՞նչ դրության մեջ են նրանք։
Բայց էֆենդին դեռևս քնելու նպատակ չուներ, նա տերտերի հետ բավական խոսելիքներ ուներ, միայն տիրացու Սիմոնի ներակայությունը արգելք էր լինում։ Այս պատճառով ակնարկեց նա, թե ցանկանում է քնել, որովհետև առավոտյան շուտ պիտի վեր կենա և կարևոր գործեր ունի։ Տիրացուն բարի գիշեր մաղթելով, հեռացավ։ Նրա գնալուց հետո տերտերը ասաց.
— Յոթը վարդապետից ավել գիտե թշվառականը, ափսո՜ս մի քիչ խմելու հետ սեր ունի— տեսա՞ք, ինչպես լավ կարդաց իմ ապառիկների հաշիվը։
— Տիրացու Սիմոնի՞ համար եք ասում,— հարցրեց էֆենդին,— այո, շատ լավ կարդաց։
Բայց էֆենդուն չէր հետաքրքրում ո՛չ տիրացու Սիմոնը և ո՛չ էլ նրա ունեցած բարձր գիտությունը։ Նա առիթ էր որոնում խոսելու մի առարկայի մասին, որի համար հատկապես այս գիշեր եկել էր տերտերի տունը։
Այդ միջոցին քահանան կամեցավ հանել կիսամաշ վերարկուն, որովհետև մասամբ խմելուց և մասամբ տան տաքությունից բավական շոգ էր զգում։ Անզգուշությունից վերարկուի թևքը պատռվեցավ։ Էֆենդին ասաց նրան.
— Տեր հայր, վերարկուդ շատ է հնացել, ի՞նչու նորը չես կարել տալիս։
— Օրհնած, ինչո՞վ կարել տամ, դուք խո տեսաք իմ ապառիկները։ Այդ վերարկուն էլ լուսահոգի Կարապետ
էֆենդունն էր. նա մեռավ, ինձ տվեցին որպես «կողոպուտ», յոթն տարի է, որ հագնում եմ։ Նրանից հետո, իմ մեղքից, հարուստներից ոչ ոք չի մեռել, որ վերարկուս նորոգեի...
Ես քեզ համար մի լավը կարել կտամ, դուք լավ քահանա եք,— ասաց էֆենդին,— հագեք և միշտ օրհնեցեք ինձ։
— Երեք հարյուր վաթսուն ու վեց հայրապետաց օրհնությունը թող ձեզ վրա լինի, որդի,- ասաց քահանան և սկսեց «պահպանիչ» կարդալ։
— Բայց մի ուրիշ խնդիրք էլ ունեմ, էֆենդի,— ավելացրեց
282