նա,— դուք որ կաք, մեր թագն ու պարծանքն եք. մենք ուրախանում ենք և ամեն օր փառք ենք աալիս ասածուն, որ հայերից էլ ձեզ նման աղաներ կան, որոնք մուդիրի, գայմագամի և փաշայի մոտ համարձակ նիստուկաց ունեն և ամեն բան կարող են խոսել: Ի սեր ազգի և ի սեր մեր սուրբ հավատի աղաչում եմ ձեզ, մի թողեք տանուտեր Խաչոյին և ընտանիքը անօրենների ձեռքում, դուք որ կամենաք, կարող եք նրանց ազատել, խեղճ են, հայ քրիստոնյա են, օգնեցեք նրանց, Ինչ էլ որ լինի նրանց հանցանքը, մենք պարտավոր ենք ծածկել, նրա համար որ, մեր մսից և մեր արյունից են: Ես էլ չեմ հավանում նրանց գործածը, բայց «ո՞վ իցե, որ ոչ մեղիցե»: Քահանայի խոսքերը, թեև մի առանձին տպավորություն չունեցան էֆենդու սրտի վրա, բայց նրան պատճառ տվեցին հայտնելու այն, ինչ որ վաղուց առիթ էր որոնում ասել տերտերին:
Էֆենդին պատասխանեց, թե ինքը պատրաստ է և կարող է ազատել տանուտերի ընտանիքին հասած դժբախտությունից և չի թողնի, որ նրա գլխից մի մազ անգամ պակասի, եթե տանուտերը իր կողմից կկատարե էֆենդու խնդիրքը։ Եվ հիշեցնելով քահանային նրա մի տարի առաջ հաղորդած գաղտնիքը Լալայի մասին, էֆենդին ասաց, որ այն օրից սիրում է այդ աղջկան, և կցանկանար, որ նա իր կինը լիներ։ Եթե տանուտերը կկատարե այդ ցանկությունը, էֆենդին պատրաստ էր օգնել նրան։ Բայց հակառակ դեպքում, նա ստիպված էր թույլ տալ, որ իշխանությունը վարվեր օրենքի և արդարության համեմատ, որ անտարակույս կվերջանար տանուտերի ամբողջ ընտանիքը բնաջինջ լինելով և նրա հարստության հարքունիս գրավվելով։ Եվ հիշելով քահանայի, որպես հասարակաց հոր պարտավորությունները, էֆենդին խնդրեց տերտերից, որ նա հանձն առնե դիմել ծերունի Խաչոյին և նրա հետ խոսել այդ մասին, քանի որ դեռ ուշ չէր, քանի որ դեռ կարելի էր գործը ուղղել և գալոց չարիքների առաջը առնել։
— Կարգս թող վկա լինի,— ասաց տերտերը մի առանձին ուրախությամբ,— ես էգուց առավոտյան կգնամ տանուտերի մոտ և բոլորը կարգի կդնեմ, որպես ձեր կամքն է։ Խաչոն պետք կ փառք տա աստծուն և մի քանի մատաղներ թող կտրե սրբերին, երբ ձեզ նման մարդը ցանկանում է նրա փեսան լինել։ Էֆենդու դեմքի վրա երևաց մի խորամանկ ժպիտ, և կատակի ձևով պատասխանեց.
283