Այս էջը սրբագրված է

— Երբ կկատարեք այդ բոլորը, այն ժամանակ ձեր հին վերարկուն կնորոգվի...

— Իսկ իմ ապառիկները...

— Այդ մասին անհոգ կացեք...

ԼԳ

Դառն և սոսկալի գիշեր անցավ։ Առավոտյան ծերունի Խաչոյի տունը նմանում էր այն սգավոր տներին, որտեղից մի քանի մեռելներ միանգամից պետք է դեպի գերեզման տարվեին։

Առաջ դուրս բերին Վարդանին։ Նա հանգիստ էր. նրա դեմքը չէր արտահայտում խռովության մի նշույլ անգամ, կարծես նրա հետ ոչինչ չէր պատահել, միայն շրթունքների վրա կարելի էր նկատել մի արհամարհական հեգնություն, որ արտասանում էին «Ի՞նչ են ուզում անել այդ հիմարները»... Հինգ զինվորներ պատրաստված էին Վարդանին տանելու փաշա էֆենդու մոտ։ Երբ որ նրան նստեցրին ձիու վրա և կամենում էին ոտները ձիու փորի տակով շղթայել, նա առանց ընդդիմադրության թույլ տվեց, թեև դա մի սարսափելի տանջանք էր՝ անշարժ կապված լինել ձիու մեջքի վրա։

— Այդ ավելորդ է,— նկատեց նա, — եթե ես ցանկանամ փախչել, ձեր շղթաները չեն օգնի... Զինվորները ուշադրություն չդարձրին և կապեցին։ դրանով ևս չբավականանալով, կապեցին և թևքերը ետևի կողմից մեջքի վրա, և պարանի ծայրերը երկու ձիավոր զինվորներ բռնած, պատրաստվեցան տանել։ Բացի երկու զինվորներից, կարգված էին և երեք պահապաններ։

Թեև ռամիկ ամբոխը հետաքրքրվում է այս տեսակ տեսարաններով, բայց գյուղացիներից ոչ ոք չհայտնվեցավ տեսնելու, թե ինչպես են աքսորում Վարդանին, այն մարդուն, որ այնքան աշխատել էր, որ այնքան գործել էր նրանց համար... Բոլորը այժմ խորշում էին ծերունու տնից, որպես ժանտախտով վարակված մի բնակարանից։

Կանանցից ոչ ոք չէր մնացել տանը, բոլորը թաքնված էին զանազան տեղերում։ Հայրապետը և Ապոն բանտումն էին։ Վարդանից հետո հերթը հասնելու էր իրանց։ Խաչոյի մյուս որդիները, որ ազատ էին, ցույց չտվեցին իրանց: Միայն ծերունի հայրը դուրս եկավ ճանապարհ դնելու Վարդանին։ Վերջին դժբախտություններից

284