Այս էջը սրբագրված է

վեզիրին, նա էլ մերժում ստացավ։ Վերջապես թագավորը ճարահաավելով, ինքը անձամբ գնաց և մյուսների նման դաարկ վերադարձավ. հովիվը նրան ևս մերժեց։ Թագավորը զարմացավ, կանչեց իր մեծամեծներին, նրանց հետ խորհուրդ արավ։ Նրանցից մեկը, որ ավելի փորձված և խելացի մարդ էր, խորհուրդ տվեց թագավորին ուղարկել հովիվի մոտ իր նման մի հովիվ, ասելով թե հովիվը կհասկանա հովիվի լեզուն և կարող կլինի համոզել նրան։ Ընտրեցին թագավորի հովիվներից մեկին և ուղարկեցին։ Հովիվը առանց պատրաստության, առանց փառավոր շքեղության, առեց իր հովվական ցուպը և ոտքով սկսեց դիմել դեպի աղջկա հոր խրճիթը։ Հայրը սիրով ընդունեց նրան, միասին ճաշեցին, կերան, խմեցին, ուրախացան, վերջը հովիվը հայտնեց թագավորի խնդիրքը, ասելով.— Ի՞նչու դու չուզեցիր աղջիկդ տալ թագավորի որդուն։ Հայրը պատասխանեց.— Օրհնած, ես էլ մի մարդ եմ, իմ անձնասիրությունը ունեմ, թագավորը ե՞րբ ուղարկեց ինձ մոտ քեզ նման մի օրինավոր մարդ, որ ես իմ աղջիկը նրա որդուն կնության տայի։

Վերջացնելով իր առակը, տեր հայրը ավելացրեց.

— Ես էլ հովիվ եմ, դու էլ հովիվ ես, տանուտեր Խաչո, որովհետև մենք երկուսս էլ ոչխարների փոխարեն ժողովուրդ ենք կառավարում։ Ես գյուղի քահանան եմ, դու գյուղի տանուտերը, և եկել եմ քեզ մոտ նույնպիսի մի առաջարկությունով, որպես հովիվը հովիվի մոտ։

— Ի՞նչ առաջարկություն,— հարցրեց ծերունին տհաճությամբ, որին խիստ ծանր էր իր սրտի մի այնպիսի տխուր տրամադրության ժամանակ լսել քահանայի անտեղի խոսքերը։

Տեր հայրը պատասխանեց, թե աստված կամեցել է ծերունու այժմյան նեղության մեջ մխիթարել նրան և փրկության դուռը բաց անել նրա առջև։ Թոմաս Էֆենդին խնդրում է Լալայի ձեռքը և խոստանում է ազատել ծերունուն իր տան վրա հասած փորձանքից։— Պետք է փառք տալ աստծուն, որ էֆենդու նման մարդը բարեկամության և օգնության ձեռք է մեկնում։

Քահանան որքան ճարպիկ կերպով տարավ իր բանախոսությունը, այսուամենայնիվ սպասած աջողությանը չհասավ: Գուցե մի ուրիշ ժամանակ և ուրիշ հանգամանքների մեջ նրա խոսքերը համակրություն կգտնեին, որովհետև ինքը ծերունի Խաչոն վաղուց մտածում էր իր աղջիկը էֆենդուն տալ։ Բայց այժմ հանգամանքները տարբեր կերպարանք էին ստացել։— Այժմ, երբ նրա երկու որդիները բանտի մեջ էին, երբ ինքը պահապանների հսկողության

287