Այս էջը սրբագրված է

ներքո էր, երբ նրա տան կնիկները անպաշտպան թաքնված էին օտարների մոտ, երբ իր երկու բարեկամները Վարդանը և պարոն Սալմանը մատնվեցան իշխանության ձեռքը, երբ իր տան կայքր իր աչքի առջև թալանում էին,– մի այսպիսի ժամանակ նրան հայտնում էին չարագործի առաջարկությունը, որ ինքն էր պատրաստել հիշյալ դժբախտությունները։ Ծերունու մինչև այն րոպեն փակված աչքերը միանգամից բացվեցան։ Նա տեսավ իր առջև անդունդը, որ փորել էր էֆենդու խորամանկ ձեռքը։ Նա հիշեց Վարդանի խոսքերը, որ էֆենդին զանազան տեղերում խաբեությամբ ամուսնացել է և թողել է իր կնիկները։ Մի՞թե նույն խաբեությունները նա գործ չէր դնում և Լալայի վերաբերությամբ։ Նա մտաբերեց էֆենդու վարմունքը, որ սկզբից մինչև վերջը ուներ մի ներքին գաղտնի կապ, որ ներկայացնում էր մի շարք խորամանկ գործողություններ, որոնք բոլորը թեքվում էին դեպի այն նպատակը, որ նա հնար գտնե Լալային որսալու։ Էֆենդին առաջինը եղավ, որ հայտնեց նրան պարոն Սալմանի կալանավորվելը։ Ո՞րտեղից գիտեր նա։ Մինչդեռ այդ կատարվել էր ծածուկ, գիշերային մթության մեջ, և ամբողջ գավառում գյուղացիներից ոչ ոքին հայտնի չէր։ Էֆենդին առաջինը եղավ, որ լուր տվեց, թե նրա տանը խուզարկություն պետք է լինի, և իրան բարեկամ ու մտերիմ ձևացնելով, կարողացավ խաբել ծերունուն. կարողացավ պարոն Սալմանի թղթերը ձեռք բերել, և փակելով ծերունու տան գաղտնի պահարանի մեջ, բանալին պահեց իր մոտը։ Ի՞նչ մտքով։ Մի՞թե նա չէր կարող թղթերը իր հետ տանել և ոչնչացնել։ Բայց թողեց ծերունու տան մեջ, որ հարկավորած ժամանակ բաց անե գաղտնի պահարանը և թղթերը ոստիկանության ձեռքը տալով, ասե. ահ՛ա ձեզ ապացույց այդ մարդիկների դավակցության։ Ամբողջ անցյալը մի առ մի պատկերացավ ծերունու աչքի առջև, և նա սարսափելով նկատեց, որ ինքը խաբված է։ Եվ այս պատճառով բավական դառնությամբ պատասխանեց քահանային.


— Տեր հայր, ձեր առակը բավական անհարմար էր ձեր ընդունած միջնորդության, բայց Թոմաս էֆենդին եթե իսկապես թագավոր լիներ, դարձյալ այդ շանը աղջիկ չէի տալ։ Թող ինչ լինելու է՝ լինի։ Ես իմ տան քանդվելը և իմ ամբողջ ընտանիքի կոտորածը ավելի բարվոք կհամարեմ, քան թե ազատություն գտնել այն չարագործի ձեռքով, որ բոլորը ինքը պատրաստեց մեզ համար։ Ես այդ հասկանում եմ... ես բոլորը հասկանում եմ... նա խաբեց ինձ... բայց դրանից հետո այլևս խաբել չի կարող...