խենթ ձևացնելով, մտավ պաշարող քուրդերի մեջ, անվտանգ անցավ թշնամու բանակից, և մի քանի օրից հետո նամակը հասցրուց գեներալ Տեր-Ղուկասովին։ Ընթերցողը նույնպես հիշում է, որ երիտասարդը, չընդունելով գեներալի առաջարկությունը՝ մնալ իր մոտ, թիկնապահի պաշտոն վարել, փառքի և աստիճանի տեր լինել,—թողեց ռուսաց բանակը և շտապեց մեկի կյանքը վտանգից ազատելու համար։
Այդ երիտասարդը Վարդանն էր։ Տեսնենք ուր գնաց նա։
Հեծնելով իր ձին, որ խլել էր մի քրդից, որին սպանեց ձորի մեջ, Վարդանը սկսեց դիմել ուղիղ դեպի Ալաշկերտի գավառը։ Այնտեղ գտնվում էին նրա հոգու ամենամոտ առարկաները։ Այնտեղ էր ծերունի Խաչոյի ընտանիքը, որի մեջ անցուցել էր այնքան շատ բախտավոր ժամանակներ, այնտեղ էր գեղեցիկ Լալան, որին տվել էր իր ամբողջ սիրտը, այնտեղ էին իր սիրելի ընկերները, որոնց հետ ուխտել էր անձնազոհություն մի սուրբ գործի համար,— բոլորը այնտեղ էին, ինչ որ Վարդանի համար պաշտելի էր, ինչ որ նրա համար նվիրական էր...
Բայց ի՞նչ վիճակի մեջ թողեց Վարդանը այդ բոլորին, երբ ինքը շղթայակապ տարվեցավ թուրքաց զինվորական գործակատարի մոտ։— Ծերունի Խաչոն իր որդիների հետ բանտարկված էին, նրա ընտանիքը ցրիվ էր եկած և յուրաքանչյուրը մի տեղում թաքնված էր. Լալայի բախտը կախված էր երկու որսորդների՝ Թոմաս էֆենդու և քուրդ բեկի գազանային մրցությունից. պարոն Սալմանը կալանավորված էր. Մելիք-Մանսուրը իր խումբով գնաց նրան ազատելու. հաջողվեցա՞վ արդյոք, թե ոչ, այդ մասին ոչինչ չգիտեր Վարդանը։
Բոլորին թողեց նա մի թշվառ, օրհասական դրության մեջ։ Այն օրից անցել էր մի և կես ամիս, և նրանց մասին ոչինչ տեղեկություն չուներ։ Այդ մի և կես ամսվա մեջ ո՜րքան փոփոխություններ եղան, ո՜րքան անցքեր անցան։ Ռուսները պատերազմ հրատարակեցին թուրքերի դեմ։ Գեներալ Տեր-Ղուկասովի հաղթական զորքերը տիրեցին Բայազեդի և Ալաշկերտի ամբողջ գավառները և մոտեցան Էրզրումին։ Ճնշված, հարստահարված հայ ժողովուրդը, անցնելով ռուսաց իշխանության ներքո, սկսեց ազատ շունչ քաշել։ Հանկարծ պատերազմի բախտը փոխվեցավ։ Գեներալ Տեր-Ղուկասովը ստիպվեցավ թողնել իր տիրած երկիրները և վերադառնալ ռուսաց սահմանի վրա։ Եվ նրա ապրիլի 18-ին տիրած Բայազեդը հունիսի 27-ին կրկին անցավ թուրքերի ձեռքը։
291