Այս էջը սրբագրված է

կործանիչ հետքերը: Կյանքը դադարել էր ամեն տեղ. դաշտերից չէր լսվում երկրագործի ուրախ երգը. արոտամարգերի վրա անասուննեը չէին արածում, ամեն ինչ լռել էր, ամեն ինչ գտնվում էր խուլ մեռելության մեջ: Կարծես ապականության կործանիչ դևը դեռ նոր էր անցել թշվառ երկրի վրայով, ոչնչացրել էր բոլորը, ինչ որ ստեղծել էր մաբդու աշխաաասեր ձեռքը: Ի՞նչ էր պատահել...

Հուլիսի արեգակը սաստիկ այրում էր, կեսօրից բավական անցել էր, երբ Վարդանը մտավ ... գյուղը: Նա նմանում էր այն լեգենդական բնակություններին, որ չար կախարդի անեծքով միանգամից ավերակ էին դարձել։ Տները, ուր մի ժամանակ կյանք էր շնչում, ուր մարդիկ էին ապրում, այժմ դարձել էին նրանց գերեզմանը։ Ամեն ինչ թադված էր տխուր և այլանդակ փլատակների տակ։ Վարդանը ուշակորույս խելագարի նման անցնում էր իր ծանոթ փողոցներով։ Տեղ-տեղ նա տեսնում էր մարդկային մարմնի մնացորդներ։ Անշուշտ այստեղ կատարվել էր մի սարսափելի կատաստրոֆա, մի աղետալի անցք։ Նա անցավ եկեղեցու մոտից. աստուծո տունը ոչինչով չէր որոշվում իր շուրջը գտնված ավերակներից։

Նա մոտեցավ ծերունի Խաչոյի ամրոցին։ Շրջապատի պատերն էին մնացել միայն, այն ևս տեղ-տեղ քանդված։ Ներս մտավ։ Նրա առջև բացվեցավ մի ցավալի տեսարան։ Տան պարտեզը բոլորովին մերկացել էր ծառերից, այն գեղեցիկ և ստվերախիտ ծառերից, որոնց հովանու տակ անցուցել էր նա այնքան քաղցրիկ ժամեր նազելի Լալայի հետ։ Այժմ ո՞րտեղ էր նա... նրա համար էր եկած Վարդանը... նրան էր որոնում այդ տխուր ավերակների մեջ... Մի՞թե հափշտակեց, տարա՞վ նրան քուրդ բեկը... թե ընկավ նա տաճիկ զինվորի ձեռքը... Վարդանին տիրեց մի տեսակ սոսկում, մի տեսակ քարացնող սարսուռ, երբ հանկարծ բացվեցավ նրա առջև սարսափելի իրականությունը։ Երկաթի մարդը, կարծե, միանգամից փշրվեցավ մի դառն և ամենածանր հարվածի ներքո: Արյունը սաստիկ հոսանքով զարկեց նրա գլխին, և լուսավոր աշխարհը մթնեց նրա առջև: Նա այլևս ոչինչ չէր տեսնում, նա այլևս ոչինչ չէր զգում: Նա իր մարմինը մեքենաբար ցած թողեց մի թումբի վրա և երկար գլուխը երկու ձեռքով բռնած, գտնվում էր խորին-տենդային ապշության մեջ: Հանկարծ նրան երևութացավ նազելի պատկերը, նույնպես տխուր, նույնպես հուսահատ և նույնպես արտասվալից աչքերով, որպես տեսել էր նրան այն վեջին

293