Այս էջը սրբագրված է

ԼԵ

Հեռանալով ծերունի Խաչոյի տան ավերակներից, Վարդանը չգիտեր ուր գնալ: Հովիվներից ստացած տեղեկությունները այն աստիճան անորոշ և մթին էին, որ նա դժվարանում էր մի վճռական քայլ անել։

Երեկոյան ժամն էր արդեն, արևը թեքվում էր դեպի իր գիշերային մուտքը, Վարդանի աչքի առջև դրած էին միևնույն տխուր և տրտում տեսարանները, ավերակ, անմարդաբնակ գյուղեր, մշակությունից զրկված դաշտեր, և ավելի ոչինչ։ Մի՞թե այդ ամբողջ գավառում մի հատ հայ չէ՞ մնացել,– մտածում էր նա։ Հանկարծ դատարկ անապատի մեջ երևաց մի մարդկային կերպարանք։ Նա դանդաղ և անհավասար շարժումներով բարձրանում էր դեպի լեռան զառիվերը, երբեմն կանգ առնելով, երբեմն իր շուրջը նայելով և երբեմն քարերից բռնելով, որ ցած չգլորվի։ Այսպես հասավ նա մինչև սեպացած քարաժայռի գագաթը, որ կախ էր ընկած անդունդի վրա։ Արևի վերջալույսով նկարված էր նրա փոքրիկ մարմնի գծագրությունը, որ անշարժ արձանի նման, քարաժայռի գագաթից նայում էր դեպի լայնատարած հովիտը, ուր մի քանի օրվա մեջ կատարվել էին այնքան շատ եղեռնագործություններ, այնքան շատ ավերումներ։ Երկար այնպես նայում էր նա, և կարծես, մտածում էր մի բան վճռել, որը խիստ ծանր էր նրան։ Վարդանի ուշադրությունը չէր կարող չգբավել այդ երևույթը, որ նախագուշակում էր մի տարօրինակ վախճան։ Նա իր ձիու սանձը քաշեց և սկսեց հեռվից նայել։

Վարդանը տեսավ, որ քարաժայռի գլխին արձանացած մարմինը մի քանի հուսահատական շարժումներ գործեց, կրկին նայեց դեպի լայնատարած հովտի ավերակները, հետո աչքերը ձեռքերով բռնելով, իրան ցած գցեց քարաժայռի բարձրությունից դեպի իր առջև բացված անդունդը։ Փոքրիկ մարմինը գնդակի նման գլորվելով, երբեմն քարերին զարկվելով, արագությամբ պտույտվում էր մի տեղ կանգ առնելու։ Վարդանը ձին առաջ քշեց է, մի րոպեում

297