Այս էջը սրբագրված է

ամեն զոհաբերություն, գեթ մի թշվառի աչքերից արտասուք սրբված լիներ: Երբեմն մտաբերում էր նրա որդիներին, որոնցից ոմանք ստրկության դառն լծի տակ կորցրել էին ամեն զգացմունք դեպի անհատական ազատությունը և դեպի կյանքի ավելի բարեբախտ պայմանները, իսկ ոմանք բողոք էին հայտնում տիրող անկարգությունների, անարդարության և բռնակալության դեմ: Այդ բոլոր խորհրդածությունների մեջ նրա միտքը դեգերվում էր, պտտվում էր, և անցնելով անհուն մթությունների միջից, վերջապես կանգ էր առնում մի կետի վրա, որից այն կողմը չէր անցնում. այդ կետը Լալան էր։ Այժմ նրա ուշադրությունը գրավեց էֆենդին: Նրա շնչաոությունը հետզհետե ծանրանում էր, ձեռքերը անդադար շարժվում էին և սեղմված շրթունքների միջից լսելի էին լինում անորոշ խոսքեր խուլ հառաչանքների հետ։ Նա գտնվում էր տենդային զառանցության մեջ։ Վարդանը լսում էր նրան, բայց ոչինչ չէր հասկանում։ Երևում էր, որ նա տանջվում էր հոգեկան սաստիկ պատերազմի մեջ։ Այդ տևեց մի քանի րոպե, հետո փոքր առ փոքր սկսեց հանգստանալ։ Այդ միջոցին գլուխը վեր բարձրացրեց, ուղղվեցավ, նստեց անկողնի մեջ, աչքերը բաց արավ, և մի վայրենի հայացք ձգելով իր շուրջը, կրկին գլուխը դրեց բարձի վրա և կրկին փակեց աչքերր։ — Ա՜խ, եթե այստեղ մի հայ լիներ...— լսելի եղավ նրա խորին նվաղած ձայնը։ — Կա,— պատասխանեց Վարդանր մոտենալով։ — Տուր ինձ ձեռքդ։ Վարդանը զզվանքով ետ քաշվեցավ։ — Այժմ ո՜րտեղ եմ ես... ո՝վ բերեց ինձ այստեղ... ի՜նչու այսպես շուտ դուրս բերեցին ինձ դժոխքից... այնտեղ լավ էր, այնտեղ շատ լավ էր։ Կրակի ալիքների մեջ, որպես մի հրեղեն օվկիանում ծփում էի ես... հազար գլխանի վիշապները իրանց սառը գրկի մեջ ճնշում էին, խեղդում կին ինձ... Հիմա էլ տեսնում եմ նրանց, ահա՚ այնաեղ հեռավոր բոցերի մեջ, գալարվում են, լեռների նման կուտակվում են միմյանց վրա... Ո՜րքան քաղցր է եղեռնագործին այդ հրեշների ճանկերի մեջ տանջվել, գիշատվել, բայց բողոքելու համարձակություն չունենալ, և իրան արժանի համարել ավելի սարսափելի չարչարանքների... Նա կրկին բաց արեց իր պղտորված աչքերը, նայեց Վարդանի վրա, բայց չճանաչեց, և դառնալով նրան շարունակեց.

305

20 Րաֆֆի, Երկերի ժողովածու, հ. III