Այս էջը սրբագրված է

Նա ինձ թողեց, որ դեռևս երկար տեսնեմ այն երկիրները, որոնց ավերիչներին առաջնորդ դարձա, որ դեռևս երկար տեսնեմ թշվաո շինականների խրճիթները, որ ես դատարկեցի բնակիչներից, տեսնել և տանջվել խղճի դառն խայթից, դա սարսափելի տանջանք է... Ես ամբողջ գավառների սպանման գործիքը դարձա, բայց իմ անձս սպանել չկարողացա։
Վերջին խոսքերը արտասանեց նա խորին մաղձային դառնությամբ, որ արտահայտում էր նրա բարոյական տանջանքը, թե որ աստիճան ձանձրացել էր կյանքից և ցանկանում էր հանգստություն գտնել գերեզմանի մոռացության մեջ։
Այդ միջոցին զարթնեց տանտիկինը։
— Ձեր հիվանդը անհանգիստ է երևում,— ասաց նա,— չե՞ք ցանկանա մի բան։
— Ոչինչ պետք չէ, նա ջերմի մեջ է, կարելի է շուտով կանցնի...
Քրդուհին մոտեցավ հիվանդին, և ուշադրությամբ նայելով նրա վրա, հարցրուց.
— Ես ճանաչում եմ այդ մարդուն. դա Թոմաս էֆենդին չէ՞:
— Նա ինքն է։
— Խեղճ, քանի օր առաջ տեսա բոբիկ, գլուխը բաց և պատառոտած շորերով թափառում էր մեր կողմերում։ Երբ մարդիկ մոտենում էին, ճչում էր, աղաղակներ էր բարձրացնում ու փախչում։ Ասում էին, ցնորված է:
Վարդանը նոր մտաբերեց, որ էֆենդուն հանդիպեց նույն դրության մեջ, որպես նկարագրում էր նրան քուրդ կինր։ Նրա մեջ երևում էին ցնորվածի բոլոր նշանները, դեռ այն ժամանակ, քանի որ նա իրան դեռ ցած չէր գլորել ժայռի բարձրությունից։ Բայց ի՞նչու խելագարվեցավ նա. մի՞թե էֆենդու նման մի փչացած բնավորության մեջ կարող էր բարոյական տանջանքը այն աստիճան հարված պատճառել։
— Պատմում էին, թե էֆենդին սիրելիս է եղել մի աղջկա, և ալաշկերտցոց գաղթականության ժամանակ կորել է աղջիկը. ասում էին, որ անհայտ մարդիկ գողացել են աղջկան։
— Ի՞նչ մարդիկ... ի՞նչ աղջիկ...— գոչեց Վարդանը խոովյալ ձայնով և նրա դեմքը ընդունեց զարհուրելի արտահայտություն:
— Չեմ իմանում, այդպես էին ասում։
Վարդանի հարցը ավելորդ էր. նա առաջ եկավ ակամա հետաքրքրությունից, որ պատահում է հուսահատ մարդերի հետ: Վարդանը գիտեր, թե ով էր էֆենդու ցնորքի առարկան, այժմ նրան

307