ստացած ընծաները։ Բայց երեց քույրը չբավականանալով Ջավոյի տված բացատրություններից, կրկին հարցրուց։
— Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ արձակեց քեզ։
— Ջավոն հետո կպատմի, դա շատ երկար է, այնքան երկար. որքան Լեյլիի և Մաջնունի հեքիաթը։— Հետո նա հայտնեց, թե ինքը խիստ հոգնած է, ամբողջ գիշերը ճանապարհ է եկել, անիծված անձրևը շատ տանջեց նրան, և այժմ սաստիկ քաղց է զգում, խնդրեց քրոջը որ իրան քիչ կաթ տա խմելու։ Քույրը շտապով առեց կովկիթը, վագեց փարախը, որ կովը կթե և քրոջ համար թարմ կաթ բերե։
Ջավոն այժմ միայն նկատեց, որ տանը հյուր կա և նրա կրակոտ աչքերը հանդիպեցան Վարդանի հետաքրքրությունով լցված աչքերին։
— Նազելի Ջավո, դու Խուրշիդի աղախինն ես, այնպես չէ՞:
— Ուղիղ այդպես է։
— Ֆաթթահ-բեկի տիկնոջը։
— Հենց նրա։
Վարդանը այժմ գտավ խառնաշփոթ թելի ծայրը և դիտմամբ հարցրեց.
-— Բեկը մի երկրորդ կին էլ ունե՞, այն հայ աղջկան։
— Կունենար, եթե Ջավոն սատանայի նման չգողանար նրան:
— Հայ աղջկա՞ն։
— Հայ աղջկանէ Լալային, Ստեփանիկին, նա երկու անուն ունի:
Վարդանի սիրտը սկսեց ուրախությունից բաբախել։
— Ջավոն ո՞ւր տարավ գողացած աղջկան։
— Ջավոն տարավ իր տիկնոջ մոտ և տիկինը ծածուկ ուղարկեց նրանց ռուսաց երկիրը։
Վարդանի դեմքը պայծառացաւէ մի աննկարագրելի բերկրությամբ, և մոռանալով իրան, գրկեց Ջավոյին և չգիտեր ի՞նչ կերպով հայտնել իր անհուն շնորհակալությունը։
— Համբուրիր Ջավոյին, Ջավոն ազատեց նրան։
— Ջավոն իմ քույրս է,— ասաց Վարդանը և եղբայրաբար համբուրեց նրան։
Ներս մտավ երեց քույրը, բերելով փրփրադեզ կաթնի ամանը: Ջավոն առեց նրա ձեռքից և միանգամով մինչև կեսը խմեց: Տաք կաթը կազդուրեց նրա հոգնությունը և քաղցը:
309