Այս էջը սրբագրված է

— Հիմա պատմիր,— ասաց նրան երեց քո քույրը։
Ջավոն իր հատուկ ձևով սկսեց պատմել, թե իր տիկնոջ ամուսինը՝ Ֆաթթահ-բեկը վաղուց սիրում էր մի հայ աղջկա, որր 0... գյուղի տանուտեր Խաչոյի աղջիկն էր։ (Տանուտերը ծանոթ էր բոլոր հարևան քրդերին)։ Տիկինը չէր ցանկանում, որ հայ աղջիկը բեկի կինը լինի, որովհետև նա գեղեցիկ էր և կարող էր միանգամայն գրավել բեկի սիրտը։ Նախանձից և խանդոտությունից դրդված, տիկինը ամեն կերպով աշխատում էր, որ արգելե այդ ամուսնությունը։ Բայց բեկը սաստիկ ընդդիմանում էր նրան։ Եվ երբ բեկը դարձավ Բայազեդի կռվից, պատրաստվում էր գնալ բերել հայ աղջկան, այն ժամանակ տիկինը Ջավոյին իր հավատարիմ սպասավորներից երկուսի հետ առաջուց ուղարկեց ... գյուղը, որ գնան, և դեռ բեկը այնտեղ չհասած, գողանան և ուրիշ երկիր տանեն Լալային (այսպես էր նրա անունը)։ Ջավոն գտավ Լալային նույն գյուղի քահանայի տան մեջ, իր եղբոր կնոջ՝ Սառայի հետ թաքնված։ Սառան վաղուց գիտեր բեկի նպատակը, և երբ Ջավոն պատմեց նրան Խուրշիդի դիտավորությունը, նա ուրախությամբ ընդունեց Լալային վեր առնել և գիշերով մեր սպասավորների հետ փախչել 0... գյուդից։ Նրանք տարան Լալային ռուսաց երկիրը, և բեկը մնաց «վա՜յ կարդալով» և «իր գլխին տալով»։ Տիկինը սկսեց ծածուկ ծիծաղել և ուրախանալ, որ խլեց նրանից գեղեցիկ Լալային։ Մեր սպասավորները մի քանի օրից հետո դարձան և լուր բերեցին, թե անվտանգ տեղ հասցրին աղջկան։ Իսկ Ջավոյին տիկինը ասաց, որ գնա առժամանակ իր քրոջ մոտ մնա, մինչև բեկի բարկությունը անցնի։
Ջավոյի պատմությունը այն աստիճան գրավել էր իր քրոջը և մանավանդ Վարդանին, որ նրանցից ոչ ոք չնկատեց, որ հիվանդը նույնպես ուշադրությամբ լսում էր։ Երբ Ջավոն վերջացրեց, լսելի եղավ նրա ձայնը.
— Հիմա կարող եմ հանգիստ մեռնել, Լալան ազատված է...
Վարդանը մոտեցավ և բռնեց նրա տատանվող գլռւխը. որ դողդողաց և ընկավ բարձի վրա։
— «Սոված էշը գարու հոտն առավ, մինչև գարին բերելը հոգին տվավ»...
Այդ եղավ էֆենդու վերջին խոսքը։ Քրդուհին և իր քույրը նույնպես մոտեցան հիվանդին։
— Նա մեռավ,— ասաց Վարդանը։
— Խե՛ղճ,— կրկնեցին երկու քույրերը։

310