Այս էջը սրբագրված է

աշխատությունը դադարում է դաշտերում, մշակ մարդը և երկրագործական անասունները քաշվում են մի հովանավոր տեղ հանգստանալու համար։ Ավելի բախտավոր արարածները աոատ ճաշից հետո քնած են լինում իրանց կոկիկ սենյակներում։ Օրվա ժամին, բազմաթիվ ալաշկերտցի աղքատների թվում, որ դոնից դուռը ընկած մուրացկանություն էին անում, իր վրա առանձին ուշադրություն էր դարձնում առավելապես մեկը։ Դա մի մանկահասակ աղջիկ էր, որի տարիքը 16-ից ավելի չպիտի լինեին։ Նիհար և մաշված դեմքը, որ կորցնելով իր բնական գույնը, ստացել էր մի տեսակ դալկային դեղնություն, նայողի վրա այն ազդեցությունն էր անում, որպես թառամած վարդը, որ մոտ էր իր ցավալի վախճանին։ Սևորակ աչքերի մեջ նկարված էին խորին տխրություն։ Գունատ շրթունքը ցույց էին տալիս, որ նա դեռ ոչ բոլորովին առողջացել էր իրան մաշող հիվանդությունից։ Այդ սգավոր դեմքը, որ մի ժամանակ իր գեղեցկությամբ պետք է սքանչելի եղած լիներ, իր այժմյան նիհարության մեջ դարձյալ համակրական և կախարդիչ էր։
Կարծես թշվառության դևը կամեցել էր մի չար կատակ խաղալ այդ նազելի արարածի հետ, և պարուրելով նրան իր քրքրված ցնցոտիների մեջ, աշխատել էր այլանդակել և նսեմացնել գեղեցիկը ու պատկառելին։ Բայց դրանով ավելի գրավիչ և ավելի կարեկցության արժանի էր շինել նրան։ Հնամաշ և պատառոտած հագուստը հազիվ սքողում էր կիսամերկ մարմինը, երևում էր, որ այգ հագուստի ամեն մի կտորը նա մի բարերար ձեռքից պետք է ստացած լիներ, որովհետև թե իրանց ձևերով և թե՛ գույներով տարբերվում էին միմյանցից. բացի դրանից, մի կտորը լայն էր, մյուսը չափազանց նեղ, մեկը սովորականից կարճ էր, մյռւսը շատ երկայն։
Նա դանդաղ դողդոջուն քայլերով գնում էր գյուղի փողոցների մեկի միջով. բոբիկ ոտները դժվարությամբ էր կոխում արեգակի ճառագայթներից տաքացած գետնի վրա, որ շիկացած երկաթի նման այրում էր։ Նա իր հետ ման էր ածում երկու փոքրիկ երեխաներ, որոնք երկու հրեշտակների նման քարշ էին ընկած նրա ձեռքերից: Երկար նա գնում էր, և գլուխը ծռած, լուռումունջ կանգնում էր տների դռների մոտ, և առանց համարձակվելու ներս մտնել, ժամերով սպասում էր, մինչև տնեցիներից մեկը նրա վրա ուշադրություն կդարձներ և մի կտոր հաց կտար։ Երևում էր, որ նրա հպարտ շրթունքը չէին սովորած ողորմություն խնդրելու, երևում էր է որ նա սնվել և մեծացել էր ավելի բարեբախտ վիճակի մեջ,

312