Այս էջը սրբագրված է

իսկ այժմ տխուր հանգամանքների պատճառով ընկած էր մի տարօրինակ կյանքի մեջ: Ընկճված անձնասիրությունը, սեփական արժանավորության վերավորանքը, վաղեմի փառքի կորուստը, բարոյական տանջանքը,— բոլորը միախառնվելով, լցրել էին նրա սիրտը աննկարագրելի դառնությամբ, որ ավելի էր մաշում և տրորում նրան, քան թե այն ցավը, որ արդեն սկսել էր սպանել նրա մարմինը:
Նա դեռ անցնում էր մի դռնից մյուս դուռը, բայց նրա վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Վերջապես նա զսպելով իր ամոթխածությունը, ոտքը ներս դրեց մի տան շեմքից, և հանդիպելով տանտիկնոջը, երկչոտ ձայնով ասաց.
— Մի կտոր հաց...
Այդ ձայնի մեջ կային բոլոր հնչյունները, որ արտահայտում էին վշտալի սրտի դառն և ցավալի զգացմունքները:
Տանտիկինը կոպիտ ձայնով պատասխանեց.
— Կոտորվե՛ք դուք, ո՞ր մեկիդ տանք...
Աղջիկը նայեց իր շուրջը, տեսավ, իրավ, իր նման շատերը լցված էին այնտեղ։ Նա պատրաստ էր իսկույն հեռանալ, բայց նրան պահեց մի միտք։ Նա իր մասին չէր մտածում, թեև քաղցաձ էր, բայց մտածում էր այն երկու փոքրիկ երեխաների վրա, որ ոչինչ չէին կերել, մտածում էր նրանց հիվանդ մոր վրա, որ անոթի պառկած էր։
Նա արտասուքը սրբեց և կամենում էր կրկնել իր աղաչանքը: Այդ միջոցին փոքրիկ շնիկը դուրս պրծավ դռան տակից և իր սուր ատամներով քարշ ընկավ խեղճ աղջկա փեշերից։ Նա սարսափելով դուրս փախավ, իր հագուստի մի մասը թոդնելով շան բերնում։ Երկու փոքրիկները ցավալի ճիչ բարձրացրին և փոքր էր մնում, որ սրտաճաք լինեին։
Նա, կապկապելով իր հագուստի ծվենները, այժմ սկսեց դիմել դեպի վանքը։ Երկու փոքրիկ երեխաները ուրախությունից մոռացան իրանց լացը և երկյուղը, երբ ճանապարհի վրա ընկած տեսան մի կտոր ձմերուկի կեղև։ Երեխաներից մեկը վազեց, վեր առավ կեղևը, և իր փեշերով հողն ու փոշին սրբելով, սկսեց կրծհլ: Մյուս երեխան աշխատում էր խլել նրա ձեռքից, ասելով.— ինձ էլ աուր, ես էլ քաղցած եմ: Երկուսի մեջ առաջ եկավ մի փոքրիկ կռիվ: Մանկահասակ աղջիկը հանգստացրեց նրանց, և բաժանելով կեղևը, երկուսին էլ հավասար մասը տվեց։
Այդ միջոցին շտապով անցնում էր նրանց մոտից մի երիտասարդ:

313