Այս էջը սրբագրված է

նրա յոթն որդիները, որոնք մինը մյուսի ետևից հասած, ներկայացնում էին նրա տան հարստության սյուները։ Որդիները բոլորը ամուսնացած էին և տունը լցված էր ամեն հասակի երեխաներով։ Ամուսնացած էին և նրա թոռներից մի քանիսը․ նրանք նույնպես զավակներ ունեին։ Եվ ծերունի Խաչոն իր աչքի առջև տեսնում էր մի քանի սերունդ, որ ապրում էին միասին, որ կազմում էին մի փոքրիկ աշխարհ։ Գյուղում առակի ձև էր ստացել այն խոսքը, թե «Խաչոն այնքան զավակներ ունի, որքան անասուններ»։
Խաչոյի յոթն որդիներից առանց ամուսնանալու մնացել էր ամենակրտսերը, մանկահասակ Ստեփանիկը, որ դեռ նոր էր մտել իր տասն և վեց տարեկան հասակի մեջ։ Բայց նրա դեմքին նայելով, կարելի էր իսկույն նկատել, որ տարիները դեռ չէին տվել նրան այն պատանեկական հասունությունը, որ հատուկ էր այդ հասակին, մանավանդ մի այնպիսի տաք երկրում, ուր պատանիները խիստ վաղ այրանում են։ Ստեփանիկի դեմքը դեռ կրում էր իր վրա մանկական նուրբ քնքշություններ իրանց հրապուրիչ թարմությամբ։ Նրա երեսը ավելի կանացի էր, քան թե այրացի։ Խաչոյի բոլոր որդիները դրսում իրանց առանձին պարապմունքները ունեին, թե՛ հողերի մշակության մեջ և թե՛ անասունների դարմանելու մեջ․ և խիստ հազիվ էին տանը գտնվում։ Միայն Ստեփանիկն էր, որ շատ փոքր էր մասնակցում նրանց աշխատություններին։ Նա Խաչոյի Հովսեփ-գեղեցիկն էր, որին ծերունի նահապետը չէր հեռացնում իր աչքից։

Ստեփանիկի և Հովսեփ-գեղեցիկի մեջ կային շատ նմանություններ, ոչ այն պատճառով միայն, որ նա Իսրայելի որդու պես սիրուն էր, հեզ էր, խելացի էր և համակրական էր, այլև այն պատճառով, որ ինչպես Հովսեփի, այնպես էլ Ստեփանիկի հագուստի և զարդարանքի վրա առանձին ուշադրություն էին դարձնում։ Նրա հագին միշտ կարելի էր տեսնել Հալեբի ծաղկավոր բեհեզից գույնզգույն զոլերով կարած պատմուճանը, որի վրա հագած ուներ ծիրանի մահուդից պատրաստած թիկնոցը, որ զարդարած էր ոսկի թելերով։ Մեջքը պնդած էր Քիրմանի շալե գոտիով։ Լայն շալվարը պատրաստված էր Վանա նուրբ կերպասից։ Ոտներին հագած ուներ Արզրումի կարմիր կոշիկներ։ Գլխին ծածկած ուներ կարմիր ֆես մետաքսյա սև փունջով, որ փաթաթած էր գունավոր տուրբանով, նույնպես մետաքսյա նուրբ գործվածներից։ Ֆեսի տակից հիանալի կերպով թափվել էին նրա շագանակի գույն մազերը, որ սփռվել էին ուսերի վրա։ Մի բանով միայն որոշվում էր

94